«168 ժամ» թերթը գրում է.

«Բիրիտանացի գիտնականները վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը փոփոխվում է՝ կախված նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում:

Գիտնականները նաև եզրահանգել են, որ անձնական ազնվությունը կարևոր դեր է խաղում միայն երկրի ժամանակակից տնտեսական զարգացման սկզբում, իսկ այնուհետև պաշտոնական պայմանավորվածությունները և օրենքները նվազեցնում են դրա պահանջը: Անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականները խնդրել են 15 երկրների 1500 կամավորների անցնել առցանց-հարցում, որի արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ որոշ երկրներում անազնվության պատճառը նրանց մշակույթն է: Միաժամանակ, ամենաանազնիվ երկրները եղել են ամենաաղքատները:

Ափսոս, այս հետազոտության մեջ Հայաստանն ընդգրկված չի եղել, քանի որ ընդգրկված լինելու դեպքում շատ ավելի արտահայտիչ կդառնային եզրահանգումները, որ անազնվությունը բխում է մշակույթից, և ամենակարևորը՝ որ անազնիվ երկրները չեն կարող հարուստ լինել: Հայաստանն իսկապես ունի ազնվության լրջագույն դեֆիցիտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման ու քաղաքական համակարգերից՝ մինչև մշակույթ, սպորտ… մի խոսքով, մեր կյանքն ամբողջությամբ հիմնված է անազնվության վրա: Դրա համար էլ մենք աղքատ ենք:

Չնայած հասարակության առանձին ներկայացուցիչներ անասելի չափով հարուստ են, սակայն Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունն էլ՝ որպես հանրույթ, նույն չափով աղքատ է: Որովհետև, ինչպես այս հետազոտության մեկ այլ եզրահանգումից է բխում, պաշտոնական պայմանավորվածությունները և օրենքները նվազեցնում են ազնվության պահանջը: Ասել է թե, եթե սահմանադրությունը, օրենքներն ու օրինական այլ ինստիտուտներն ամբողջությամբ գործում են, ազնվության անհրաժեշտությունը, ըստ էության, վերանում է:

Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է՝ սահմանադրությունն ու օրենքները խախտվում են այնքան, որքան հնարավոր է պատկերացնել, իսկ ազնվությունը, որը տեսականորեն կարող էր փոխարինել դրանց, բացակայում է գրեթե ամբողջությամբ: Դրա համար էլ մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք, Հայաստանն էլ այնպիսի երկիր է, ինչպիսին որ է:

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր… Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքն ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը, թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում…

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են: Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը: Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի: Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում… «Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…» Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում… Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով, ու ներկայացնում որպես ժողովուրդ: – Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։ Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»,- 1907 թվականին իր «Անկեղծ չենք» հոդվածում գրում էր Հովհաննես Թումանյանը։

Մոտ 110 տարի հետո Հայաստանում նույն իրավիճակն է: Որովհետև անկեղծ չենք: Ու ազնիվ չենք: Յուրաքանչյուրս՝ առանձին վերցրած, ու բոլորս՝ ամբողջության մեջ…

Առջևում Սահմանադրական հանրաքվեն է: Առաջ՝ դեպի ընտրատեղամասեր: Կամ՝ հետ՝ դեպի փողոցներ: Եթե ազնիվ չենք, ընթացքի ուղղությունը կարևոր չէ, քանի որ անազնիվ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Բրիտանացի գիտնականներն իրենց առջև նման նպատակ չդնելով՝ գտել են նաև Հայաստանի արատավորության պատճառն ու, ըստ էության, փրկության բանալին՝ լինել ազնիվ: Բայց դա Հայաստանին ու հայ հասարակությանը պետք չէ, քանի որ անազնվությունն ապահովում է թեկուզ՝ ոչ բարեկեցիկ, բայց ավելի հեշտ կյանք: Ազնվությունը նաև համարձակություն է պահանջում: Բայց մենք գոնե 20 տարվա մեր կյանքով ցույց ենք տվել, որ ոչ հարմարվողական լինելու համարձակություն չունենք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: