ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա գտնվեց մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:
Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են եւ ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:
Ա. Գեւորգյանը Դիտավանից մեկնեց Դիլիջան, որտեղ ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային եւ համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին կառուցվող համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:
Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։