Էլիտար կառույցներով, կանաչապատ տարածքներով, գոլֆի դաշտերով «Վահագնի թաղամասի» հենց կողքին գտնվում է մի անտեսված շենք... «դրախտը» մնում է ցանկապատից այն կողմ, իսկ հակառակ կողմում հայաստանյան իրականության ցավալի հետևանքներն են։ Քաղաք Երևան, Աջափնյակ թաղամաս, Նազարբեկյան 48. սա իրականության կողմից հալածված մարդկանց հասցեն է, որը փաստացի գոյություն չունի։ Երևանի քաղաքապետարանը հերքում է. շենքը չի գտնվում Երևան համայնքի հաշվեկշռում։
Շենքի բնակիչ տիկին Անժելան մեզ ցույց տվեց բակում ընկած պանելի հսկայական կտորներ, որոնք պոկվել էին 9-րդ հարկից և հայտնվել ներքևում: Բնակիչները սեփական միջոցներով են ամրացնում պատշգամբի և պատերի թուլացած հատվածները, որպեսզի դրանք չդառնան ողբերգության պատճառ:
Շենքը չունի կոյուղի... որպես այդպիսին է ծառայում ընդամենը 20 մետր հեռավորության վրա գտնվող փոսը, որը ժամանակ առ ժամանակ մաքրվում է:
Նազարբեկյան 48 շենքում կա 54 բնակարան, որոնցից 15-ը նվիրաբերվել են, իսկ մնացածները գնվել տարբեր մարդկանց կողմից: Ամենասարսափելի վիճակում են գտնվում 8-րդ և 9-րդ հարկի բնակարանները: Սա տրամաբանական է, քանի որ շենքը չունի նաև տանիք: 9-րդ հարկի բնակարանները գտնվում են բաց երկնքի տակ՝ բառի ամենաուղիղ իմաստով: Սա ոչ թե ռոմանտիկ միջավայր է, այլ ցուրտ, թաց, ավիրված և խարխուլ պատերով թյուրիմացություն:
Մեր նկարահանող խումբը այցելեց մի քանի բնակիչների տներ, ովքեր մեծ սիրով ընդունեցին մեզ: Տիկին Անահիտը, ով տառապում է մի շարք լուրջ հիվանդություններով, նույն շենքի 8-րդ հարկում ապրում է 3 տղա թոռնիկների հետ, ովքեր Հայաստանի ապագա պաշտպաններն են: (մանրամասն)
Ամուսիններ Կարինեն և Աշոտը, ովքեր 3-րդ կարգի հաշմանդամ են, մեծացնում են 2 փոքրիկների՝ 9 տարեկան Վոլոդյային և 4 ամսական Անահիտին: (մանրամասն)
8-րդ հարկում է բնակվում նաև տիկին Մելանյան՝ իր բազմանդամ ընտանիքի հետ: Տիկին Մելանյայի որդին երկու անգամ ամուսնացել է, սակայն անհաջող: Այսպիսի պայմաններում հարսը հրաժարվել է ապրել: (մանրամասն)
Բնակիչները ափսոսանք էին հայտնում, որ մեր նկարահանող խումբը իրենց չի այցելել անձրևի ժամանակ, քանի որ այդ պահին իրենց տներում իսկական հեղեղ է սկսվում: Նրանք մեզ փոխանցեցին իրենց կողմից նկարահանված տեսանյութերը, որոնք փաստում են վերը նշվածը:
Նշված 3 դեպքերում էլ կա մի հետաքրքիր օրինաչափություն: Նրանք բոլորը ի սկզբանե բնակվել են պետության կողմից նվիրաբերված շենքի ներքևի հարկերի բնակարաններում, սակայն այդ բնակարանները վաճառվել են, իսկ բնակիչները դուրս շպրտվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից: Երկար տառապանքներից հետո նրանց բաժին է հասել ծայրահեղ վիճակում գտնվող այս բնակարանները:
Այժմ բնակարաններն արդեն սեփականաշնորհված են... առկա են սեփականաշնորհման վկայականներ, որտեղ «անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը» կետում գրված է. «Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան փողոց, 48 շենք», սակայն Երևանի քաղաքապետարանը շարունակում է հերքել այս փաստը:
Խնդիրը լայն տարածում ստացավ, երբ այս տարվա ապրիլ ամսին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ստացավ բողոք՝ բնակիչ Մուրադ Մկրտչյանի կողմից, որից հետո սկսեց բազմաթիվ հարցումներ ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ պարզելու համար ճշմարտությունը:
Տիկին Բախշյանի տրամադրության տակ է գտնվում ՀՀ ՏԿԱԻՆ-ից ստացված փաստաթուղթ, որում ասվում է՝ բնակիչներին պետք է անհապաղ տարհանել։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պնդում է՝ շենքը պատկանում է Երևան քաղաքին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս վստահ է՝ շենքը Երևան քաղաքի հաշվեկշռում չկա։ Արմեն Երիցյանը հավատացած է՝ բնակիչներին պետք է տարհանել։ «Երևան ջուր»-ը հրաժարվում է կոյուղի կառուցել՝ հավատալով Տարոն Մարգարյանին։ Անվերջանալի նամակագրություն, որը տանում է դեպի փակուղի ... բոլորը պտտվում են Նազարբեկյան 48 շենքի շուրջ՝ անտեսելով մարդկային ճակատագրերը։ Մեղավոր են բոլորը, քանի որ տարիներ շարունակ այս հարցը չի լուծվում։ Կործանված մարդկային ճակատագրեր, որոնց շարունակությունն է դառնում նոր սերունդը՝ հիվանդ, սակայն հույսով, լավատեսությամբ և երազանքներով լի։
Մեր նկարահանող խումբը այնտեղ գտնվեց ընդամենը 1 ժամ, սակայն սեփական մարմնի վրա զգաց թաց գորգերի, փլված պատերի, խոնավ օդի ազդեցությունը։ Մենք վերադարձանք՝ հուսալով մի օր այցելել Նազարբեկյան 48-ի բնակիչների նոր բնակարանները: