Կարեն Քոչարյանի նախաձեռնած ռեալիթի շոուն կարծես թե նորմալ մարդկային հարաբերություններ են ձևավորվել «Այո» և « Ոչ» քարոզող գործիչների միջև: Եվ, հատկապես, ջերմությամբ աչքի են ընկնում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի և աստվածաբան Վարդան Խաչատրյանի հարաբերությունները: Այստեղ, սակայն, մի բայց կա: Այս երկու գործիչների պատճառով էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2009 թ-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «տունը» կռիվ ընկավ: Վարդան Խաչատրյանն անդամագրվեց ՍԴՀԿ-ին, երբ դուրս էր եկել Ժառանգությունից, իսկ դրանից քսանչորս ժամ անց՝ վտարվեց, այն էլ նույն Գուրգեն Եղիազարյանի և այդ օրերի ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ձեռքով: Դրանից հետո այս երեք գործիչները մամուլով անցան հարձակման և փոխադարձ ամենածանր վիրավորանքներ հնչեցրին՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ:
Անցան տարիներ, այժմ ՍԴՀԿ-ում այս երեք գործիչներն էլ չկան: Ով վտարվեց, ով ինքնակամ հեռացավ, սակայն կուսակցության ներքին խնդիրների մասին մամուլի արձագանքները մինչև այժմ շարունակվում են: Հիմա, սակայն, Խաչատրյանն ու Եղիազարյանը մոռացել են միմյանց հասցրած ծանրագույն վիրավորանքները և հրապարակային ընկերություն են անում՝ Ոչ քարոզելով:
Հետաքրքիր է նաև, որ Եղիազարյանի որդին և քույրը ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հիմնած Վերակազմյալ կուսակցության վարչության անդամներ են, ովքեր գնացին նախագահ Սարգսյանի մոտ և դրանից հետո անցան Այո-ի ճամբարը: Ստացվում է, որ Եղիազարյանը բոլորին Ոչ է քարոզում, սակայն որդուն և քրոջը կողքից հուշում Այո քվեարկել: Այսպիսի « Սարոյան եղբայրներ» կրքեր Եղիազարյան Գուրգենի ընտանիքում:


