Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ահաբեկչություններին և մասնավորապես՝ իսլամը՝ կրո՞ն, թե՞ մոլեռանդություն թեմային, ասաց, որ ինչպես քրիստոնեության մեջ կան տարբեր աղանդներ, այնպես էլ՝ մուսուլմանության:
«Ջիհադը միայն կրոնական պատերազմը չէ, այլ առաջին հերթին ջերմեռանդ հետևորդ լինելն է մուսուլմանական կրոնին՝ իբրև ազնիվ հավատացյալ: Ի սկզբանե այդպես է եղել: Հետագայում ջիհադ ասելով անմիջապես հասկանում ենք տեռորը կամ պատերազմը այլադավանության դեմ»,-ասաց քահանան:
Անդրադառնալով քրիստոնյաների դեմ իրականացվող ահաբեկչություններին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդգծեց, թե չի կարծում, թե պետք է առանձնացնել միայն քրիստոնյաներին, քանի որ ցանկացած բռնություն արհավիրք ու ողբերգություն է բոլորի համար. «Եթե անմեղ մարդիկ են զոհվում այդ գործողությունների արդյունքում, դա արդեն արհավիրք է»,-նշեց քահանան:
Միևնույն ժամանակ նա ասաց, թե այն հանգամանքը, որ մի կողմում քրիստոնյա հասարակությունն է, մյուս կողմում՝ մուսուլմանները, մարդկանց մոտ անջրպետ է ստեղծվում, թե դա մուսուլմանության հետևանքն է: Իրականում, ըստ քահանայի, այդ անջրպետն արհեստական է:
«Սա ծայրահեղական մոտեցում է, որը կա տարբեր կրոնական կազմակերպությունների մոտ: Շատ հաճախ հենց մուսուլմաններ են պայքարում տեռորի դեմ»,-նկատեց նա:


