2016թ. պետական բյուջեի ծախսերի գրեթե կեսը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Սա նշանակում է, որ սոցիալական ոլորտի հիմնախնդիրները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ արվում է հնարավորինը դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ: Իհարկե, մենք հակված չենք այն մտքին, որ ձեռնարկվող քայլերը բավարար են բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար: Դա երկարատեւ գործընթաց է՝ պայմանավորված առաջին հերթին երկրի ֆինանսական հնարավորություններով, սակայն անժխտելի է իշխանությունների կամքը՝ քննարկելու առկա խնդիրների առավել լայն շրջանակ եւ առավելագույնս լուծել այդ խնդիրները: Ես կարծում եմ՝ բյուջեն հնարավորությունների բյուջե է»,-ասել է ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ 2016թ. նախատեսվում է, որ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 3.7 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 4 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 1.3 տոկոսով, իսկ շինարարության ոլորտը՝ 1 տոկոսով: