Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչպե՞ս կարելի է խոսել «Նոր Հայաստանի» մասին, եթե քրեաօլիգարխիկ համակարգը շարունակում է գործել: Նույնիսկ իշխանափոխություն տեղի չունեցավ, մինչդեռ իշխանափոխությունը «Նոր Հայաստանի» կառուցման անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմանն է: Իշխանափոխությունից հետո անհրաժեշտ է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի հաղթահարման համար պետք է ունենաս հստակ պատկերացում քայլերի հաջորդականության մասին և, ամենակարևորը, ինչ պետություն ես ցանկանում ունենալ՝ ինչ ասել է՝ «Նոր Հայաստան»:
Եթե քո պատկերացումները «Նոր Հայաստանի» մասին սահմանափակվելու են «խորհրդանշական իշմարներով», և ամեն ինչ հանգելու է բոլորին ձեռքերով բարևելու մշակույթի ներդրմանը կամ էլ սեփական հայրենասիրության մասին վերամբարձ հավաստիքներին, ապա պատկերացնում եմ` քանի՜-քանի՜ սրիկաներ, ինչպես այսօր պատսպարվել են Սերժ Սարգսյանի թևի տակ, այնպես էլ կպատսպարվեն այդ վերամբարձ և անպտուղ հայրենասիրական ճառերի քողի ներքո: Չէ՞ որ հայրենասիրությունը, ինչպես ասել է մեծ մտածողը, սրիկաների վերջին ապաստանն է:
Րաֆֆին շատ ազնիվ, մաքուր, զուլալ անձնավորություն է, սակայն պարտավոր է հաշվի առնել այն, որ մեր իրականության մեջ հայատյաց, հայակործան քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայաթափվում է՝ վերածվելով անապատի, քողարկվում է կեղծ հայրենասիրական ճառերով: Րաֆֆին իր ելույթներով, կամա թե ակամա, կարծես լրացնում է պաշտոնական քարոզչամեքենայի հայտնի միֆերը: Մինչդեռ «Նոր Հայաստանի» ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է այդ առասպելներն անողոքաբար սասանել: Որովհետև դրանք, հայտնի անգլիացի մտածող Ֆրենսիս Բեկոնի բնութագրմամբ, գիտակցության այն ֆանտոմներն են, որոնք մարդկանց զրկում են իրականությունը ճիշտ գնահատելու և, հետևապես, ծանր վիճակից դուրս գալու հնարավորությունից: Իշխանությունների կողմից շահարկվող առասպելներից ամենակարևորն «Արցախյան հաղթանակի» միֆն է: Անհրաժեշտ է հասկանալ, որ ազգի համար կան երկու կարևորագույն չափանիշներ, որոնք բնութագրում են ազգի առաջընթացը: Առաջինը և ամենակարևորն ազգի ֆիզիկական աճն է: Հիշո՞ւմ եք Աստվածաշնչում Աստծո պատգամը Աբրահամին՝ «բազմացիր»: Երկրորդ կարևորագույն չափանիշն ազգային տարածքի ընդլայնումը, ընդարձակումն է: Ազգի բարգավաճման այս երկու կարևորագույն չափանիշները, եթե չեն ապահովվում միաժամանակ, կորցնում են իրենց նշանակությունը: Եթե «ազատագրված տարածքներում» ազերիների փոխարեն թափառական շներ են ապրում, իսկ դու ստիպված ես մտածել ոչ թե այդ տարածքների բնակեցման մասին, այլ երևանամերձ դատարկվող շրջանների հայաթափման մասին, ո՞ւր մնաց «հաղթանակը»: Այո՛, մեր «հաղթանակի» մասին առասպելն ընդամենը սպասարկում է Երևանում իշխանությունն ամեն գնով պահպանելու հայտնի կլանի ձգտումները: