Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ մեր կողմից հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում ցուցադրվում էր Երևանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկում տիրող անմխիթար վիճակը: Ինչպես հայտնել ենք, նշված հատվածով անցնում է Գետառը, որը գրեթե ամբողջությամբ շրջապատված է պարսպով բացի մի քանի հատվածներիից: Տվյալ հատվածը վտանգ է ներկայացնում բնակչության, մասնավորապես՝ երեխաների համար: Այն ունի գրեթե 10 մ խորություն:
Բացի այդ, նշված հատվածը գտնվում է չափազանց աղտոտված վիճակում և ամենուրեք գարշահոտ է, քանի որ Գետառը հազվադեպ է մաքրվում: Տվյալ տարածքում աճում է նաև անհայտ ծագումով ու կասկածելի բուսականություն, ինչպես նաև փշածածկ թփեր, որոնք ճանապարհը դարձնում են դժվարանցանելի:
YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) 1 տարի առաջ գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ստացել պատասխան Կոմունալ տնտեսության վարչությունից.
«Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ամենամյա մրցույթում հաղթող ճանաչված սանիտարական մաքրման ընկերությունները ստանձնելով Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները Երևանի թվով 12 վարչական տարածքներում ամեն օր իրականացնում են վերոնշյալ աշխատանքները։
Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ թաղամասի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի անկյունային հատվածի աղտոտվածությանը՝ տեղեկացնում եմ, որ հանձնարարվել է «Էրեբունի Մաքրություն» ՍՊ ընկերությանը անմիջապես հեռացնել կուտակված աղբը և նշված հատվածը մշտապես պահել հսկողության տակ»,- ասվում է քաղաքապետարանի գրության մեջ։
Չենք զլանա ևս մեկ անգամ շեշտել, որ անցել է մեկ տարի, սակայն իրավիճակը չի փոխվել: Մեր կողմից նկարահանված տեսանյութը վկայում է այդ մասին: Բնակիչները նույնպես պնդում են, որ նշված վայրում տարվա ընթացքում չի իրականացվել ոչ մի աշխատանք: Կա երկու տարբերակ. կամ Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պատշաճ հանձնարարական չի տվել «Էրեբունի Մաքրություն» ՍՊ ընկերությանը, կամ տվյալ ընկերությունը ուղղակիորեն անտեսել է հանձնարարականը:
Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ՝ Կառլեն Ղազարյանին և մյուս աշխատակիցներին պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները: Նույն կոչը ուղղում ենք նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ նա է քաղաքի ընդհանուր բարօրության գլխավոր պատասխանատուն: