«Իրականում, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում լայն իմաստով չկան «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցներ, չհաշված պետական կառավարման համակարգի աշխատողների պարտադիր «Այո»-ն ու ընդդիմադիր ակտիվիստների նույնքան պարտադիր «Ոչ»-ը։ Այդ «Այո»-ներն ու «Ոչ»-երը չեն արտահայտում հասարակության տրամադրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ՝ այն պարզ պատճառով, որ հասարակությունը չունի որևէ տրամադրություն այդ հարցում։ Որովհետև չունենալով տրամադրություն ընդհանրապես որևէ հարցում, իրականում թքած ունի սահմանադրական փոփոխությունների և ընդհանրապես քաղաքականության հետ կապված որևէ երևույթի վրա։ Որովհետև հասարակությունը դադարել է քաղաքականությունն ու քաղաքական ուժերին վերաբերվել՝ որպես իր կյանքը բարելավելու միջոցներ ու գործիքներ, ինչպես ընդունված է նորմալ հասարակություններում ու նորմալ երկրներում։

Իսկ այդ դեպքում «այո»-ի քարոզչությունն ու «ոչ»-ի հակաքարոզչությունն ընդամենը ցուցադրական, «արարողակարգային» միջոցառումներ են, որոնք որևէ աղերս չունեն հասարակության իրական խնդիրների, մտահոգությունների, հանրային պահանջի հետ, մի խոսքով։ Հայաստանում քաղաքականությունը վաղուց «ընթանում» է առանց հասարակության։ Այն, որ իշխանությունը երբեք չի եղել հանրային շահի սպասարկող, Հայաստանում դարձել է նորմ, սակայն տևական ժամանակ է, որ հանրային շահի հետ դադարել է կապ ունենալ նաև ընդդիմությունը։ Ու արդյունքում՝ ստացվել է այնպես, որ իշխանությունն ու ընդդիմության առավելագույն հատվածը սկսել են սպասարկել մեկմեկու շահերը։ Ու ամենևին կապ չունի, թե որքան հայհոյախառն են ընդդիմության մեղադրանքներն իշխանության հասցեին, կամ որքան ցինիկաբար են իշխանությունները պատասխանում այդ մեղադրանքներին։ Դրանք ամբողջությամբ տեղավորվում են ժանրի ու խաղի կանոնների մեջ։ Իսկ խաղը, վերջին հաշվով, հանգում է գործող ոչ միայն՝ իշխանության. այլև՝ ամբողջ քաղաքական համակարգի վերարտադրությանը, որում հասարակությունը որևէ դերակատարում չունի։ Արդյունքում՝ նրանք՝ իշխանությունն ու ընդդիմությունը, դարձել են հասարակության երկու թշնամիները, որոնք օրգանապես կապված լինելով միմյանց՝ ապահովում են մեկմեկու գոյությունը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: