Սահմանադրական դատարանն այսօր, ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց դիմումը բավարարել մասնակի,­- գրում է «Փաստինֆոն»:

ՄԻՊ-ը վիճարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ մեծ և միջին ծանրության հանցանքների համար որպես պատիժ նշանակված տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

ՍԴ-ն որոշեց, ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն «այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում 270 ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքի կիրառման իրավական հնարավորությունն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն, արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչել Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի կողմից վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, ապա այն, ըստ ՍԴ-ի, համապատասխանում է Սահմանադրությանը՝ հաշվի առնելով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: