«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը գնել է «Աշտարակ կաթ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Ըստ այդ լուրերի՝ «Աշտարակ կաթը» վերջին տարում ֆինանսական խնդիրներ է ունեցել և փորձել է նոր ներդրումներ ներգրավել: Սակայն հնարավոր տարբերակներից ընտրվել է բաժնետոմսերի վաճառքի միջոցով նոր ներդրող ներգրավելու ճանապարհը:
Այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Աշտարակ կաթ» ընկերությունից: Սակայն ընկերության մարքետինգի բաժնից մեզ տեղեկացրին, որ ընկերությունը չի վաճառվել, երբեք չի վաճառվի, նոր սեփականտեր չունի, և որ «Աշտարակ կաթը» շարունակում է գործել սովորականի պես: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ևս «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, անցած տարիներին Հայաստանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ կողմերը հերքել են խոշոր գործարքի գոյությունը, իսկ երբ այն կայացել է, արդեն հաստատել են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: