Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մասնակցել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կայացած հանդիսավոր միջոցառմանը:
Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի 100-ամյակին նվիրված նամականիշը, որը մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը:
Հանրապետության Նախագահի հրամանագրերով՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Սերյոժայի Նազարեթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, իսկ մաթեմատիկայի ուսուցիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Հովհաննեսի Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր միջոցառման ժամանակ ուսուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել նրանց և Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրինությանը, ամբողջ ուսուցչական կազմին, աշակերտներին, նրանց ծնողներին, շրջանավարտներին ու հյուրերին՝ դպրոցի հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ: «Անցած հինգ տասնամյակների ընթացքում դպրոցը եղել է և այսօր էլ մնում է մեր լավագույն կրթական հաստատություններից մեկը, որը, իրավամբ, համարվում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը: Այդ հինգ տասնամյակների ընթացքում բազմաթիվ մարդիկ պատիվ են բերել մեր ժողովրդին, մեր գիտությանը, մեր դպրոցին՝ ձեր դպրոցին: Ես դրա համար՝ ձեր վաստակի, անշուշտ, երախտապարտ եմ ձեզ: Ավելորդ է այստեղ խոսել դպրոցի կարևորության, գիտության կարևորության մասին, որովհետև բոլորդ էլ տեսնում եք, որ մեր կարևորագույն նպատակներից մեկն է՝ խրախուսել օժտված երեխաներին, խրախուսել ընդհանրապես մեր երեխաներին՝ ստանալ գիտելիք և այն օգտագործել հանուն սեփական շահի, բարեկեցության ու նաև հանուն մեր Հայրենիքի: Կիսելով ձեր ուրախությունը՝ մաղթում եմ ձեզ հաստատակամություն, նորանոր հաջողություններ և հավաստիացնում եմ ձեզ, որ մենք՝ որպես իշխանություններ, մշտապես դպրոցի կողքին ենք լինելու և մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցի կողքին: Մեր օժանդակությունը դուք մշտապես զգալու եք: Մենք ձեզնով հպարտանում ենք, մենք հպարտանում ենք ձեր աշակերտներով: Եվ թող իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի այս հպարտության զգացողությունը մեզ մոտ լինի հավերժ: Հաջողություն եմ մաղթում ձեզ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահը:
Դպրոցի 50-ամյա պատմության և ձեռքբերումների մասին ելույթով հանդես է եկել տնօրեն Հայկազ Նավասարդյանը: Հոբելյանի կապակցությամբ ողջույնի խոսք է ասել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ արժանանալով «Երախտագիտություն» մեդալի: ԼՂՀ պետական պարգևը դպրոցի տնօրինությանն է հանձնել միջոցառմանը մասնակցող ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 50-ամյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը ներկայացնող տեսանյութեր: