Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում, մեզ համար նորություն չէ։ Թուրքիայի իշխանությունների դավադիր, նենգ քաղաքականությունն ու գործողությունները մենք տեսել, մեր մաշկի վրա զգացել ենք դեռևս մեկ դար առաջ։
Ու նորից դեժավյու։ Թուրքիան կրկին իր ամպլուայի մեջ է։
Վերհիշենք ոչ վաղ անցյալի դասերը։ 1941թ. թուրքական արտաքին քաղաքականությունը ակնհայտ գերմանամետ էր՝ սատարող ֆաշիզմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը դիտարկում էր Թուրքիային որպես ֆաշիստական ռեյխի դաշնակից։ Դրա համար կային հիմնավոր փաստարկներ. Գերմանիայի կողմից ԽՍՀՄ վրա հարձակումից ընդամենը 4 օր առաջ ստորագրվել է գերմանա-թուրքական բարեկամության համաձայնագիր։
1944թ., երբ պատերազմի ելքն արդեն քիչ թե շատ պարզ էր, Թուրքիան թույլ տվեց Սև ծովում մնացած գերմանական սուզանավերին հեռանալ Բոսֆոր և Դարդանել։
Տասնամյակներ անց ոչինչ չի փոխվել։ Թուրքական իշխանությունը շարունակում է մնալ չարիքի հովանավոր։ Այս օրերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը ապացույցն է այն բանի, որ այս երկիրը սատարում է մեծագույն չարիք Իսլամական Պետությանը։
Այսօր արդեն ռուսը զգում է ռազմավարական-բարեկամ թուրքի մաղձոտ շունչը։ Սակայն երբեք պետք չէ թերագնահատել ռուսական կողմին. Թուրքիան շուտով կծանոթանա русский медведь-ի հետ:
Կարեն Ավագյան