Մոնթե Մելքոնյանը արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից է։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։
Ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։
1980թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981թ.-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թ.-ին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989թ.-ի հունվարի 16-ին:
Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
1989թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991թ.-ին կեղծ անձնագրով գալիս Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էր հայ-ադրբեջանական զինված ընդհարումները: Հիմնում է «Հայներասերների» ջոկատը: Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո անվանումը: Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում:
ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ:
2014 թվականի օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում Թալինի ջոկատի հրամանատա Ս. Կարապետյանը հայտարարել է, որ Մոնթե Մելքոնյանին սպանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեսանյութը՝ hetq.am-ի