«Ես՝ որպես կառավարության անդամ, վերահաստատում եմ կառավարության այս վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ պայքար տանելու հարցում: Այս պայքարում մեր հիմնական նպատակը համատեղ ուժերով կոռուպցիան հաղթահարելն է: Չափազանց կարևորում եմ բոլոր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բոլորի ներգրավվածությունը և մասնակցությունը Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,- Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավոր ազդեցությունը տնտեսության զարգացման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա և վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում:

«Պայքարը հեշտ չի լինելու, և այս պայքարի արդյունքները մեզ հեշտությամբ չեն տրվելու: Դրա համար ուժերի համատեղում է պետք»,- ասել է նա՝ խոսելով բիզնես հարթակում հակակոռուպցիոն ծրագրերի, ՀՀ վարչապետի հանձնարարության մասին: