«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ՝ վաղ առավոտից, Երևանի մի քանի շրջաններում կարելի էր հանդիպել զինված իրավապահների, ինչը, բնականաբար, մարդկանց շրջանում տագնապ էր տարածում: Իսկ արդեն օրվա կեսին ամեն ինչ հստակեցվեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Նորքի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման տասը անդամներ են վնասազերծվել: «2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևանի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:
Իրավապահները պաշտոնապես չեն հայտնում, թե խմբի անդամները ինչ ծրագրեր են ունեցել, սակայն ոչ պաշտոնապես՝ մասնավոր զրույցներում ասում են, որ ինչ-որ ահաբեկչական գործողություններ են ծրագրել: Եթե պարզվի, որ վնասազերծված խմբի անդամներն իսկապես ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում, ապա կարող են արձանագրել, որ սա նորություն է մեր երկրի համար: Իսկ մինչ այդ տեղի ունեցածից հետո այլևս հասկանալի է դառնում, թե վերջին օրերին խորհրդարանի անցագրային ծառայության անվտանգության աշխատակիցներն ինչու էին ինքնաձիգներով զինված»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: