Ճիշտն ասած ես սահմանադրությունը չեմ կարդացել, Հին Կտակարանն էլ չեմ կարդացել` փորձեր արել եմ, բայց չի ստացվել... Կարծում ե՞ք, որպեսզի ես ճիշտ ապրեմ պետք է սահմանադրությունը կարդամ, ես օրինակ մտածում եմ, որ իմ սահմնադրությունը իմ խիղճն է, որով էլ ես առաջնորդվում եմ:
Ես շատ լավ հասկանում եմ որ երկրին դա անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ամեն քաղաքացի պարտավոր է դա կարդալ, էլ ուր մնաց անգիր իմանալ, որ մի բան էլ զարմանում կամ բողոքում են որ ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ ոչ սահմանադրությունից ոչ էլ դրա բարփոխումներից:
Ամեն մարդու խիղճը իմ համար ավելի կարևոր է քան ցանկացած գրված օրենք կամ սահմանադրություն, ես օրինակ չեմ պատկերացնում, որ իմ խիղճը ինձ թույլ կտա երկրիս, կամ իմ ազգակցիս ու ընդհանրապես բանական մարդու նկատմամբ կամ դեմ ինչ որ բան անել, իմ խիղճը ինձ թույլ չի տա ուրիշի հացը գողանալ ուտել, կամ ուրիշի տակը փորել, որ նրա տեղը զբաղեցնեմ, ու էդ «սահմանադրությամբ» էլ ապրում ու դաստիրակում եմ իմ երեխաներին: !990-91թվերը խառը ժամանակներ էին, ու երբ հրաման իջավ որ պետք է գնանք ՀԱԲ-ը «գրավենք», այն ժամանակ ես նոր ձևավորված Երկրապահ ջոկատներից մեկում էի, (ի պատիվ մեր հրամանատարի ով կտրուկ ասաց` «ես չեմ եկել ստեղ որ հայի վրա զենք բարձրացնեմ» ու հրաժարվեց մասնակցել այդ գործողությանը) սահմանադրությունը չէր որ թույլ չտվեց զենք բարձրացնել հայի վրա այլ հենց խիղճը... Հիմա էս փոփոխություններից խոսեմ, էս ամենը գրեցի որ հասկանաք ես հեռու եմ սահմանադրական էքսպերտ լինելուց և իմ ասածը չընդունվի որպես լուրջ վերլուծություն, ու ստեղ ընդեղ հրապարակվի ի գիտություն: Ես օրինակ կողմ եմ նախագահական ինստիտուտին, եթե մեր նախագահները վատն են եղել չի նշանակում, որ էդ ինստիտուտը վատն է, նայելով էսօրվա խորհրդարանին ու պատգամավորներին, ես օրինակ ավելի շատ եմ սարսափում պատկերացնելով, որ այն կարող է ղեկավարել իմ երկիրը: Խորհրդարանական երկրներից շատերը միապետություններ են, և ունեն թագավոր, տենց չի՞, կամ լավ ասենք թագուհի...
Նախագահի առկայության դեպքում դա անհնար է, իսկ այ հենց անցանք խորհրդարանականի մեկ էլ տեսար հոպլա, որոշեցին որ «թագավորն ապրած կենա» պիտի ընտրվի էն էլ հին Հայկական տրադիցիոն եղանակով: Խորհրդարանի դահլիճում հավք են բաց թողնում ում գլխին նստեց նա էլ դառնում է մեր երկրի Քաջ Նազարը` թագավորը, թագ կրողը... Դե էդ գործը դասավորելը հեշտ է, ում գլխին որ ուզում են նստի եթե բաց թողնվող հավքը որձ է, մի էգ հավքի քամակը քսում են էդ մարդու գլխին, կամ եթե էգ է որձ հավքի (էլի քամակի կողմերնա կարծեմ) քսում են գլխին իսկ մնացածի գլխին կատվի կեղտ ու հավքը գնում նստում է «ընտրյալի» գլխին: Կարծում եք Էրդողանի գլխին որ հավք նստեց էդ միամիտ է՞ր ու դա սարքած չէ՞ր... Մի խոսքով, հավքը նստեց Թագավորն ապրած կենան ընտրվեց ու յալլա՜, ցմահ կարող ես էլ ընտրություններին փող չծախսել: Ոչ էլ պետք է տղուդ մի տեղ, դնես, ռեկտոր, հետո, տանես ավելի բարձր պաշտոնի ու տենց մինչև քացով կտան քեզ էլ տղուդ էլ ռադ կանեն մեկին Ամերիկա մեկին էլ թոշակի...
Դրա մեջ դրական կողմ էլ կա իհարկե, եթե թագավոր էս ու ցմահ է քո «պաշտոնը» էլ կարիք չունես կողքդ ինչքան ոչնչություն կա պահելու ինչա թե հաջորդ ընտրությանը քո համար ձայն հավաքի: Եթե թագավոր էս էլ կարիք չունես սեփական ժողովրդիդ թալանես միևնույնն է ով ինչ ունի, օրենքով քոնն է: Եթե թագավոր ես էլ թույլ չես տա որ երկրիդ առևտրականները քո փողերը, երկրիդ փողերը տանեն Իսպանիայի թագավորի, կամ Շվեյցարիայի գանձարաններում պահեն, այլ կհրամայես քո գանձարանում պահեն, երկիրդ էլ կսկսի հարստանալ: Հա վատ կողմեր էլ կան, եթե թագավոր ես, ապա եթե մեր նախագահների նման լինես էդ դեպքում ախպերդ էլ չի սպասի որ դու քո մահով գնաս «Համլետ» կանի կամ էլ դու քո ժառանգին պիտի «Իվան Ահեղ» անես որ ժամանակից շուտ աչքը չտնկի գահիդ: Մի խոսքով ես չեմ ուզում որ մեր երկրում տենց դավադիր սպանություններ լինեն, ու երևի ես քվեարկեմ ՈՉ, ու ոչ թե ոչի կամ այոյի համար այլ իմ խղճի )))
Արշակ Զաքարյան