«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

Ի պատասխան ՀՅԴ նախընտրական շտաբի «արձագանքի»

Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է` համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձեւակերպումներով: 

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, եւ եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դավ միայն ճաշակի եւ ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, եւ շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաեւ պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից` ՀՅԴ-ը կամ նրան հարող որեւէ ընկերություն ինչպիսի եւ ինչքան առնչություն ունեն նստարանների` ֆորմալ հայտարարվող գնի հարցում: 

Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին... Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ: 

Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որեւէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք եւ ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որեւէ հայտարարություն որեւէ թեմայով, եւ չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով: 
ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն: