Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում: Դավիթ Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման գործում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:
Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն