ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ունեցած տվյալներն ապացուցում են, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը նախքան թուրքական հրթիռից խոցվելը խախտել է Թուրքիայի օդային տարածքը։
Ամերիկյան ու թուրքական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Նշվում է նաև, որ օդաչուները բազմիցս զգուշացվել են թուրք զինծառայողների կողմից։
Պաշտոնյան, սակայն, չի նշել, թե որտեղ է գտնվել ինքնաթիռը խփվելու պահին։ Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տարածքը պաշտպանելու իրավունքին, սակայն կարևոր է, որ Անկարան ու Մոսկվան միջոցներ ձեռնարկեն երկու կողմից էլ լարվածությունը թուլացնելու համար։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվեն ապացույցներ այն մասին, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետության» ահաբեկիչներից: