Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897 թ.-ի դեկտեմբերի 2, Խաչիսար, Չարդախլում: Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար է։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի (Ռուսերեն՝ Ованес Хачатурович)։
Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգում՝ ներկայիս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։