Ուղիղ 95 տարի առաջ այս օրը` 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Առաջին Հանրապետությունը փաստացի կորցրեց իր անկախությունը Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի զորաբանակների կողմից իր տարածքի ռազմակալման արդյունքում: Ներկայացնում ենք արխիվային հազվագյուտ փաստաթուղթ` 1920 թ. դեկտեմբերի 2-ին «Իշխանության փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մայրաքաղաք Երևանում ընդունված Ակտը Հայաստանի կառավարության ինքնալուծարման և Հայաստանի ինքնիշխանությունը հօգուտ Խորհրդային Ռուսաստանի զիջելու վերաբերյալ: Ակտը ստորագրել են վարչապետ Սիմոն Վրացյանը, նախարարներ Արշակ Հովհաննիսյանը, Արշամ Խոնդկարյանը, Համբարձում Տերտերյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո) և կառավարության դիվանապետ Համլիկ Թումանյանը (հայ մեծ բանաստեղծի որդին)։
Ընդամենը մեկ դրամատիկ նախադասության մեջ Հայաստանի՝ որպես անկախ երկրի դատավճիռն է. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 1920 թ. դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց հրաժարվել Իշխանությունից և հանձնել Զինվորական և Քաղաքացիական բովանդակ Իշխանությունը զորաբանակի Ընդհանուր հրամանատարին, որպեսզի պաշտոնում նշանակվի Ռազմական նախարար Դրոն»: Այդ ամենի նախապատմությունը հետևյալն էր. Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը նոյեմբերի 30-ին Հայաստանի կառավարությանն ուլտիմատիվ կերպով առաջարկում է ողջ իշխանությունն անհապաղ հանձնել ռուսական կողմից ձևավորված խորհրդային Հեղկոմին, այլապես ռուս-թուրքական կոալիցիոն զորքերը պատրաստ են ժամերի ընթացքում հարձակվել և գրավել Էջմիածինն ու Երևանը: Հայաստանի կառավարությունը երկրի վերջնական ավերումն ու խաղաղ բնակչության վերահաս կոտորածն ինչ-որ կերպ կանխելու նպատակով ստիպված է լինում համաձայնել այդ վերջնագրին և ընդունել դեկտեմբերի 2-ի վերոնշված այդ Ակտը: Այնուհետև` դեկտեմբերի 4-ին, Դրոն իր լիազորությունները հանձնում է Երևան ժամանած խորհրդային Հեղկոմին, որից հետո արդեն Երևան են մտնում Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր Բանակի զորամիավորումները` վերջակետ դնելով հայկական անկախ պետության գոյությանը:
Ռուբեն Շուխյան