Արագոնի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից ասել են, որ պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը, ընդունել այս պատմական իրողությունը:
Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ, հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողություններն ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:
Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն:
Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանն օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև: Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույն կերպ:
«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարաններն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,- մեկնաբանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
«Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- հավելել է Օչոան:
Բանաձևը կոչ է անում Իսպանիային օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը` պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունն ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ։
Արագոնն ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո: