ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 120մմ-ոց հրանոթներից, 60, 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և "Մուխա" տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշված խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է մի շարք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում կանխվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: