Փաստ է, որ ներկա պահին ռուս-թուրքական հարաբերություները ծայրաստիճան լարված են, բայց պարզ է նաև, որ դա թերևս անտեսանելի դիվանագիտական մեծ խաղի մի մասն է, որտեղ իրոք շատ բարձր են խաղադրույքները, բայց որի ընթացքում կարող են տուժել փոքր պետություններն ու ազգերը` ինչպես դա եղավ 1915 թվականին հայերի հետ Վանում:
Այս տարվա Մայիսի 7-ին լրացավ մի ուշագրավ պատմական իրադարձության հոբելյան, որը թերևս արժանի էր ավելի լայն հիշատակման՝ Վանի հայկական ինքնավար նահանգի հռչակման 100-ամյակը: Այս փաստը շատ կարևոր նշանակություն ունի մեր նորագույն պատմության մեջ: Հարյուրամյակների անկախության կորստից հետո՝ հայերը զինված պայքարի արդյունքում կարողացան ստեղծել իրենց առաջին ինքնիշխան նահանգը Արևմտյան Հայաստանում: 1915-ի մայիսի 7-ին Վան մտած ռուսական բանակի Վանի զորախմբի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայևի հրամանագրով` նույն օրը Վանի նահանգի կառավարիչ նշանակվեց Վանի հերոսամարտի ղեկավար Արամ Մանուկյանը (նկարում. Արամը` հայ և ռուս հրամանատարների հետ Վանում):
Արամ Մանուկյանը, արդեն որպես Վանի նահանգապետ, հաջորդ օրը մայիսի 8-ին իր թիվ 1 հրամանագրում նշում էր. «Ներկա պատմական պատասխանատու օրերին հայ ժողովուրդը միայն մեկ նշանաբան պիտի ունենա` համախմբվել ամբողջ եռանդով կառավարության շուրջը, վերակազմակերպելու համար կյանքը քաղաքի ու շրջանի մեջ... Ռուս գեներալը մեր այս հույսերի լիակատար գիտակցությամբ էր, որ հայ ժողովրդի և իմ հանդեպ ցույց տվեց այդ մեծ վստահությունը»:
Իր հերթին գեներալ Նիկոլաևը Վանից պաշտոնական հեռագիր է ուղարկում Թիֆլիս` Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովին, որտեղ տեղեկացնում է իր որոշման մասին` Արամ Մանուկյանին Վանի նահանգի կառավարիչ նշանակելու մասին: Որից հետո ստացվում է Վորոնցով-Դաշկովի պատասխան պաշտոնական հեռագիրը Թիֆլիսից. «Գեներալ Նիկոլաևին, Վան, 15 մայիսի, 1915: Սույնով հաստատում եմ Արամ Մանուկյանին որպես Վանի և շրջանի գուբերնատոր (նահանգապետ) Ձեր կողմից նշանակումը: Նրան (Արամ Մանուկյանին) վերապահեք բոլոր պաշտոնների նշանակումը` բացառապես միայն հայերից: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկով»:
Այսպիսով, Վանի հայկական ինքնավար մարզի գոյությունը արդեն անբեկանելի փաստ էր 1915-ի մայիսին` ռուսական կողմից պաշտոնապես ճանաչված և հրամանագրված: Սակայն Վանի ինքնավարությունը գոյատևեց ընդամենը 70 օր՝ քանի որ շատ արագ դա անհամատեղելի դարձավ իմպերիալիստական մեծ պատերազմի մեջ մտած Ռուսական կայսրության հեռահար ռազմավարական նպատակների հետ: Ռուսական զորքը անսպասելիորեն և ռազմական առումով բացարձակապես չպատճառաբանված ետ քաշվեց Վանից` սառնասրտորեն զոհաբերելով արևտահայության այդ վերջին հույսը:
Ռուբեն Շուխյան