Նայում ես «6-րդ զգայարանն» ու ապշահար լինում: Այ, անխիղճներ, էս ո՞ւր եք տանում ժողովրդին: Մեր ժողովուրդը դարեր ի վեր աստվածապաշտ է եղել, իհարկե միշտ էլ բացառություններ եղել են, բայց անգամ գրականությունով, անգամ պատմությունով հայ հերոսը ոչնչացրել է նրան, ով դեմ է եղել քրիստոննեությանն ու Աստծուն, (վերհիշենք Սամվելին):
Մարդը միշտ դիմում է կողմնակի քայլերի, երբ հուսահատված է, լքված, առհասարակ, վատ վիճակում:
Հիմա, երբ ժողովուրդն այս վիճակում է, վերջին հավատն եք մորթում նրա մեջ՝ հավատացնելով սև մոգությանն ու հակաաստվածային բաների:
Անի Երանյանին խայտառակեցին ու հիմա անցան մյուսներին։
Նայում եմ Մարինա Գրեգի մասնակցությամբ հաղորդումը։ Նախ «գուշակեցին», որ հաղորդավարուհին վթարի է ենթարկել պապիկի, ինչը որ միայն վերջիս չժխտեց, այլ ցավով վեր հիշեց, հավելելով, որ տարիներ շարունակ հոգեբանների օգնությանն է դիմել։
Դա բավական չէր. սև մոգ Գաբրիելը, ոչ միայն սկսեց սև անեծք թափել աղջկա գլխին «յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր արարքների համար», այլ վերջում պարզվեց, որ խոսում էր Իվետա Մուկուչյանի մասին՝ գուցե և զրպարտելով նրան։
Ցավալին այն է, որ մասնակիցները հասարակության կողմից հարգանք ու ճանաչում վայելող մարդիկ են, ովքեր կարող են մի վայրկյանում գետնին տապալվել հեռուստադտողի աչքին՝ գուշակների թեթև ձեռքով։


