Էս գիշեր մեր ոխերիմ հարևաններն առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո կիրառել են տանկ։ Ճիշտ է, խոսքը ոչ թե առաջխաղացման մասին է, այլ, ըստ ամենայնի, դիրքավորված տանկը 5 արկ է արձակել մեր դիրքերի ուղղությամբ, բայց սա խիստ խորհրդանշական է։
Ըստ էության, միակ զինատեսակները, որոնք դեռ չեն կիրառվել հակառակորդի կողմից, մարտավարական հրթիռներն ու ռազմական ավիացիան է, իսկ լիարժեք ու լայնամասշտաբ պատերազմից ստեղծված իրավիճակը տարբերվում է միայն նրանով, որ կողմերը վճռական գործողությունների չեն դիմում ու բավարարվում են դիրքային պատերազմի պայմաններում հրետանային դուելներով, հետախուզա-դիվերսիոն գործողություններով և դիպուկահարների գործողություններով։
Խուճապի մատնվել ամեն դեպքում պետք չէ։ Ոչ մի լավ բան չկա այս ամենում, բայց այս իրավիճակն օրինաչափ է։ Մի կողմից, Ադրբեջանն ըստ ամենայնի կատարում է իր թուրք-ամերիկյան տերերի դիրեկտիվն ու դիտավորյալ սրում է իրավիճակը, որովհետև Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին խիստ ձեռնատու կլիներ նրանց համար Ռուսաստանի ուշադրությունն ու ռեսուրսներն ուղղել այլ կետերի վրա, բացի Սիրիայից։ Մյուս կողմից, նավթի գինն արդեն 40 դոլարից էլ ներքև է գլորվել, ու դրան եթե գումարում ենք Ադրբեջանի ներքին դժգոհության աճը, հասկանալի է, որ Ալիևն այլ ելք էլ չունի իր կայունությունն ապահովելու համար, քան սահմանային ավանտյուրաների դիմելը։
Ստեղծված իրավիճակում ունենք ընդամենը երեք այլընտրանք.
- Շարունակել ամեն գնով պահպանել ստատուս քվոն՝ անդադար զոհեր տալով ու ոչ մի վճռական արդյունք չգրանցելով։
- Լայնամասշտաբ հարված հասցնել՝ փորձելով կազմալուծել Ադրբեջանը՝ կարճ ժամանակում մեծ քանակությամբ զոհեր տալով, բայց շանս ունենալով մեկընդմիշտ նեյտրալիզացնել այդ կողմից եկող վտանգը։
- Համաձայնվել միջազգային խաղաղապահ կոնտինգենտի մուտքին ու բուֆերային գոտու հաստատմանը կողմերի միջև՝ առայժմ անհայտ պայմանների դիմաց։
Անձամբ ես երկրորդ տարբերակի կողմնակից եմ։
Konstantin Ter-Nakalyan` facebook