«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Աչաջուր գյուղից մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Գառնիկ Շահնազարյանը և պատմում էր, թե ինչպես է իրենց գյուղ եկած մի երիտասարդ խաբել գյուղացիներին։ Հոկտեմբերի վերջին Գարիկ անունով մի երիտասարդ Աչաջուր գյուղի բնակիչներից 405 հազար դրամի առևտուր է արել` գյուղացիներից միրգ, բանջարեղեն է գնել, սակայն գումարը չի տվել, հետո էլ չի բերել։ Մեր զրուցակիցը պատմում էր, որ գյուղի բնակիչները հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են և միրգ ու բանջարեղեն վաճառելով կամ փոխանակելով են հոգում իրենց ապրուստը։ «Զանգում ենք՝ անջատում է հեռախոսը։

Միայն 95 հազար դրամ ինձ է պարտք»,- ասում է մեր զրուցակիցը, որը հասցրել է լուսանկարել գյուղացիներին խաբած երիտասարդի ավտոմեքենան։ Գառնիկի իմացածով՝ երիտասարդն Արարատի մարզից է։ Մեր զրույցի ժամանակ նա ներկայացնում էր նաև Գարիկից խաբված գյուղացիների անունները և խնդրում հրապարակել։ Նրանք են՝ Գառնիկ Շահնազարյանը, Նարինե Փիրումյանը, Սվետլանա Ստեփանյանը, Հովհաննես Սարիբեկյանը, Կարեն Քոքոբելյանը, Հենրիկ Սաքանյանը, Սարիբեկ Ասիլբեկյանը, Լյուդա Օհանյանը, Էլմիրա Սաղաթելյանը, Լիպարիտ Սարուխանյանը, Գարեգին Սարուխանյանը, Արմեն Քոչարյանը, Վալոդ Քոքոբելյանը։ Թվով 13 անձ։ Հուսով ենք՝ ոստիկանությունը նրանց հաղորդումը հիմք կընդունի և կզբաղվի իր բուն գործով՝ հանցագործներին գտնելով»:

 Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: