2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի եւ օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին եւ Գարսեւան Ս.-ին: Հիշյալ վիճաբանության ընթացքում ինքնությունը չպարզված անձինք, դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով միջամտած Թամարա Մ.-ին եւ Արթուր Մ.-ին, ձեռքերով հարվածել եւ մարմնական վնասվածք են պատճառել վերջիններիս, իսկ Էմիլ Կ.-ն հանել է իր մոտ պահվող որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակը, որի բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գարսեւան Ս.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ տեւական ժամանակ կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: