Այսօր՝ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող Կառավարության նիստին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Սերգ Կարապետյանը հավաստիացրեց, որ ոլորտում կան դրական տեղաշարժեր, սակայն դրանց հետ մեկտեղ բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: 

Ըստ գյուղնախարարի խոսքերի, գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով է մշակվել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը:

Նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության և Արդարադատության ղեկավարություններին։ Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»։

Վարչապետը նաև նշեց, որ ավարտվում է ԱԺ հերթական նստաշրջանը, այնինչ, իրենք պետք է դիմեն ԱԺ-ին՝ օրենքը երեք ընթերցմամբ հաստատեն, ինչը, շատ վատ է։