Ռուս-թուրքական հակամարտությունը, որը սկսվեց Սիրիայում թուրքական ռազմական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո, ըստ էության, ազդակ դարձավ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր խմորումների, որոնց կիզակետում, բնականաբար, հայտնվեց նաև Հայաստանը: Ընդ որում, եթե մինչ վերջերս սրա մասին զգուշացվում էր միայն փորձագիտական հանրության կողմից, ապա այժմ ամեն ինչ առավել քան հստակ դարձավ. ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջ դրվեց վերջնականապես կողմնորոշվելու և ճամբարներից մեկում դիրքավորվելու խնդիրը:
Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ Ռազմական խորհրդի նիստը, որը նախագահել է Հայաստանի ՊՆ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը:

Նիստի ավարտից հետո հայ բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, թե, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ռուսական կործանիչի խոցման հետ կապված խնդիրը և այս հարցում ՀԱՊԿ-ի բոլոր գործընկերներն անվերապահորեն աջակցել են Ռուսաստանին: Իսկ արդեն այսօր ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեղեկատվություն, համաձայն որի Ղրղզստանի, իսկ հետո նաև Բելառուսի պաշտպանական գերատեսչությունները հերքել են Խաչատուրովի այս հայտարարությունը՝ պնդելով, որ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվել և, բացի այդ, Յուրի Խաչատուրովը բոլորի անունից հանդես գալու իրավասություններ չի ունեցել: Վերջ. Basta! ՀԱՊԿ-ը այլևս գոյություն չունի:

Իրականում, օրվա ամբողջ ընթացքում վերը նշված պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները պաշտոնական մակարդակով որևէ կերպ չհերքեցին Յուրի Խաչատուրովի հայտարարությունը՝ այդ կերպ, ըստ էության, չափազանց անհարմար դրության մեջ գցելով թե՛ ադրբեջանական քարոզչամեքենան, և թե՛ մշտապես հենց այդ աղբյուրից օգտվող տարատեսակ փորձագետներին (այդ թվում՝ հայաստանյան): Վերջինները զրկվեցին ՀԱՊԿ-ի արհեստածինության մասին լալահառաչ մեկնաբանություններ անելու հերթական հնարավորությունից, իսկ ադրբեջանական «ագիտպրոպը» ակամայից ի ցույց դրեց պաշտոնական Բաքվի իրական մտադրությունները:

Իսկ Բաքուն, ինչպես երբեք, զբաղված է սովորական խառնակչության և դրա համար ունի բավական լուրջ հիմքեր: Բաքվում որքան էլ հիմար լինեն, սակայն հրաշալի հասկանում են, որ հենց այն պահին, երբ հայտարարվեց, թե Ադրբեջանը բոլոր հարցերում սատարում է Թուրքիային, Ադրբեջանը հայտնվեց նոր իրականության մեջ, որտեղ Ռուսաստանն այլևս բարեկամ չէ, իսկ Իրանն ու Հայաստանը՝ բացահայտ թշնամի: Ինչ վերաբերում է դաշնակից Թուրքիային, ապա այն նույնպես շրջապատված է թշնամական պետություններով, ինչպես նաև քաղաքացիական պատերազմի մեջ է: Հետևաբար, ստացվում է, որ Ադրբեջանը հայտնվել է կրկնակի ծուղակում և, գոնե այս պահին, Բաքվի միակ գերնպատակը թշնամական այդ օղակից կենդանի դուրս պրծնելն է՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վրաստանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունից ձերբազատվելու և Իրանի ու Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում գործակցելու ուղղությամբ: Իսկ այս գործում հաջողության հասնելու համար Ադրբեջանի միակ հույսը կարող է դառնալ Ռուսաստանի դիրքերի վերջնական թուլացումը, ինչին, անկասկած, կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի ներսում հնարավոր առճակատումը: Ուստի և Ադրբեջանն իր «համեստ» հնարավորությունները փորձում է ներդնել ի շահ այս առճակատման ստեղծման:

Լևոն Սարդարյան