Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը: Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մեծ աջակցությամբ:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի կազմակերպման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:
Դուրս է գրվել նաև Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող երկու տուժածներից մեկը: Մյուսի առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում:
Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք նույնպես ապաքինման փուլում են:
Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: