Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:
«Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ հավատալով, որ խնդիրը կլուծվի, սակայն դատախազ Արսենյանը իրեն վեր է դասում օրենքից ու անհիմն ցուցումներ է տալիս մարդկանց»,-ասում էին նրանք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Մանրամասները Shamshyan.com-ում