Ամանորի ճոխ սեղաններից օգտվելիս հարկավոր է նախապատվությունը տալ բանջարեղենին ու մրգին, ինչպես նաև՝ ոչ յուղոտ մսին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման միտք հայտնեց դիետոլոգ, ինդոկրենոլոգ Իլոնա Մելիքյանը։

Դիետոլոգը հորդորեց տնային տնտեսուհիներին հատկապես ուշադիր լինել աղցանների նկատմամբ։
«Հարկավոր է միմյանց չխառնել այնպիսի մթերքներ, որոնք շուտ են փչանում, օրինակ՝ ձուն։ Աղցանները պահել սառնարանում, և թթվասերը կամ մայոնեզն ավելացնել միայն սեղանին մատուցելիս, որպեսզի խուսափեք թունավորումներից»,-ասաց նա։

Դիետոլոգը նշեց, որ չի կարելի նաև յուղոտ սննդամթերքի հետ չարաշահել ալկոհոլը։ Նա հատկապես տղամարդկանց հորդորեց տոներին հնարավորինս քչացնել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ևս թունավորման պատճառ է դառնում։

«Պետք է հնարավորինս խուսափել անկանոն սնվելուց, քանի որ դա առաջացնում է աղեստամոքսային տրակտի խանգարման և հանգեցնում հիվանդությունների։ Պետք է պակասեցնել նաև պարզ ածխաջրերը, այսինքն՝ բոլոր այն սննդամթերքները, որոնք շաքարավազ են պարունակում, ինչպես նաև ալյուրը, հետևաբար նաև հացաբուլկեղենը։ Սրանով կարելի է նաև խուսափել ավելորդ ճարպակալումից»,-եզրափակեց Իլոնա Մելիքյանը ։