ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Հիշեցվում է, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։
Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։
Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ. Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:
Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։
Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։
Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն։ Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։