«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին: Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ է առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձում են գտնել գործարարի և ավազակային հարձակում իրականացնողի կապը:
Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլև իրավապահների շրջանում: Դատելով մինչ այս տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին: Սակայն այս դեպքում Գևորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք է տալիս: Միգուցե Գևորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի՞ եղել, այլ նա ուրի՞շ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ: Իսկ ով է Գևորգ Սարգսյանը և ինչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ:
Հայտնի փեսայի առեղծվածը
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի` Գևորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի` Չերեմուշկայի տարածքում: Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գևորգ Սարգսյանի հարևանների, ինչպես նաև նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է: Մեզ հետ զրույցում նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս» բենզալցակայանը պատկանում է նրան, սակայն խնդիրներ ուներ, հարկայինի հետ էր, թե բանկերի, չգիտենք, բայց այդ բենզալցակայանը կա՛մ վաճառեց, կա՛մ ձեռքից վերցրեցին: Բայց այնպես չէ, որ նրանք վատ պայմաններում են ապրում, հացի խնդիր ունեն, որ գնար այդ քայլին, մենք էլ ենք շատ զարմացած»:
Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ իրավապահները կպարզեն կարևորագույն հարցի պատասխանը: Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գևորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս: Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ: Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին: Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, և Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին: Նկատենք, որ «Էլիտ Շանթը» ներկայումս հրուշակեղենի արտադրությամբ է զբաղվում, որի սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Վալերի Սարիկյանն է:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վալերի Սարիկյանի եղբայրն էլ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն է: Միգուցե Գևորգ Սարգսյանն իր բենզալցակայանի կորցնելու մեջ մտքում մեղադրել է ՖՆ հարկային ծառայությա՞նը: Իրավապահները չեն բացառում, որ Գևորգ Սաֆարյանին կարող է դրդած լինել վարչության պետի ու գործարարի կապը, ինչի համար նա կարող էր փորձել այդ կերպ վրեժխնդիր լինել: Համենայնդեպս, այս օրերին իրավապահները փորձում են բոլոր վարկածները քննելով՝ գտնել սպանված Գևորգ Սարգսյանի և գործարար Յուրա Ղարիբյանի միջև եղած կապը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: