«Արդեն ակնհայտ է մի բան, այս իշխող հանրապետական ռեժիմն իր թիրախը տեսնում է ՀԱԿ-ին: Սրա վկայությունը վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը մեր համակիրների նկատմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու ՀԱԿ ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Արման Մուսինյանը:
Ըստ նրա ՀՀԿ-ականները, իշխանությունն ու ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը հասկանում են, որ իրենք արդար ընտրությունների պարագայում պարտվելու են և սկսել են ընտրությունները կեղծելու գործընթացը:
ՀԱԿ ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող գործիչն ասաց, որ այս անգամ իրենք նախընտրել են ոչ զանգվածային միջոցառումները: Դրա փոխարեն քարոզչություն են իրականացնում դռնեդուռ տարբերակով.«ՀԱԿ-ը գոհ է իր քարոզարշավի ընթացքից», հավելեց Արման Մուսինյանը:
Ընտրացուցակներում ՀԱԿ անդամներն արդեն հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ, որոնց թիվը հասնում և գերազանցում է 1000-ը: Ընտրացուցակներում են հայտնվել այնպիսի անձինք, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ Երևան համայնքում հաշվառված չեն եղել:
Երրորդ խնդիրը Արման Մուսինյանը տեսնում է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հայտարարարգրում, որն ըստ կոնգրեսականի ատկատների, կոռուպցիայի և չարաշահումների արդյունք է, քանի որ նա կարծում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը իր գործունեության ընթացքում չէր կարող 6 մլն դոլարի հասնող կապիտալի հայտարարարգիր ներկայացնել։
«Ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են բանակցություններ: Մենք փորձում ենք հասնել այնպիսի օպտիմալ մեխանիզմի ընտրական գործընթացը վերահսկելու համար», ընտրական գործընթացը վերահսկելուն միտված բանակցությունների մասին խոսելիս՝ ասաց Արման Մուսինյանը: