Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն չորրորդ անգամ հետաձգվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:

Պատճառն այն էր, որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Գնել Թորոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ստիպված է լինելու սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ, քանի որ վերջիններս ըստ պատշաճի ծանուցված են եղել նիստի մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին:

Նիստից հետո սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը վրդովված նշեց, որ ինքը միտում է տեսնում:

«Կարծում եմ, որ ընդհանրապես չեն էլ ուզում, որ այս տարի նիստ լինի»,-ասաց նա: