«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են հրապարակվում, որ Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորվածների թիվն անցնում է 40-ը, սակայն այսօր գործում ներգրավված Խաչիկ Ավետիսյանի, Նելլի Մինասյանի եւ մյուս աղջիկների պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տվյալներով՝ այս պահին կալանավորվածների թիվը 30-ն է, սակայն այն կարող է ամեն պահի փոփոխվել։ Փաստաբանը նաեւ տեղյակ չէր, թե որքանով են հիմնավորված տեղեկությունները, որ նոր կալանավորվածների թվում նախկին պաշտոնյաներ կան։

Փաստաբանի խոսքերով՝ ինքը հստակ կարող է միայն ասել, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում, եւ որ իրենք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։ Փաստաբանը հղում անելով նախաքննական գաղտնիք չհրապարակելուն, չասաց, թե ինչու էին իրենց պաշտպանյալները հանցախմբի մյուս անդամների հետ հայտնվել այդ տանը։ Նշենք, որ կալանավորվածների թվում 4 ազատամարտիկ կա։ Նրանցից մեկը՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտից Աղասի Սարուխանյանն է, որը նախօրեին է կալանավորվել։ Նրա եւ մյուս ազատամարտիկների մարտական ընկերներն աբսուրդ են որակում ազատամարտիկների կալանավորումների այս շարքը, եւ դիտավորություն են տեսնում կատարվածում։

Փաստաբանը խուսափեց պատասխանել հարցին, թե այս գործում կա՞ քաղաքական ենթատեքստ, թե ոչ։ Փաստաբանը նշեց, որ իր եւ Ինեսա Պետրոսյանի պաշտպանյալ աղջիկների առողջական վիճակը նորմալ է, պարզապես մեկուսարանում հոգեպես ճնշված են»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: