Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին և տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ և հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեհաստանի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ներդրումային քաղաքականությունը և փոքր ու միջին բիզնեսին նպատակաուղղված աջակցությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ, որի իրականացման գործում կարևոր նշանակություն կունենան հայ-լեհական և լեհ–հայկական առևտրաարդյունաբերական գործարար պալատների ստեղծումը և համագործակցության հուշագրի ստորագրումն այսօր` Երևանում:
ԱԱԽ մամուլի ծառայություն