«168 ժամ» թերթը գրում է.
«Երեկ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում մեկնարկեց այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այն սկսվեց խայտառակ մթնոլորտում, որն առաջին հերթին՝ պայմանավորված էր դատավարության մասնակիցների համար տարրական պայմանների բացակայությամբ:
Դատավարության մասնակիցների արդարացի տարակուսանքն ու զայրույթն առաջացրեց այն, թե ինչու դատավարությունը չի անցնում հայկական դատարանում, որտեղ գոնե նվազագույն պայմաններն ապահովված են: Բայց այս՝ դատավարության տարրական պայմանների բացակայությունը՝ տեխնիկական խնդիր լինելով հանդերձ, իր մեջ շատ մեծ խորհրդանշականություն է պարունակում: Այն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական գործընկեր, Պերմյակովի հայրենի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի նկատմամբ: Դա վերաբերմունք է, որով վերաբերվում են վասալին, ենթակային՝ լավագույն դեպքում, դա այն վերաբերմունքն է, որով վերաբերվողը համարում է, որ վերաբերմունքի ենթարկվողն ավելիին արժանի չէ:
Երեկ մեկնարկած դատավարությամբ Ռուսաստանը պաշտպանում է իր քաղաքացու, մարդասպան քաղաքացու իրավունքները, որը պաշտպանելով՝ պաշտպանում է իր՝ որպես պետության, իրավունքն ու գերակայությունը՝ ոտնահարելով Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը: Ռուսաստանի շահը՝ դատավարությունն անպայմանորեն ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու տեսքով, փաստորեն, նույնանում է մարդասպանի՝ Պերմյակովի շահի հետ: Ու դա ավելի է ընդգծվում ՀՀ իշխանությունների՝ սեփական երկրի, սեփական քաղաքացիների շահն ու արժանապատվությունը պաշտպանելու անկարողության ֆոնին… 2015 թվականը Հայաստանի համար մահաբեր տարի էր: Այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանդով և ավարտվում է այդ սպանդն իրականացրած ստահակի դատավարության մեկնարկով:
Տեղի ունեցածը՝ վեր լինելով անձնական ողբերգությունից, իրականում լինելով համազգային ողբերգություն, անուղղակիորեն խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Խորհրդանշում է այն սարսափելի հեռանկարը, որը սպասվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայիս որակով շարունակելու դեպքում: Իսկ այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանը՝ որպես պետություն, ենթարկվելու է «սպանդի»՝ բառի ոչ ուղիղ իմաստով: Հայաստանի ինքնիշխանությունն ուղիղ իմաստով արդեն «սպանվել» է, և այն, ինչ կատարվում է այսօր, այդ սպանության հետևանքն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: