Yerevannews.am-ը (Երևան Նյուզ, YN.am) կապ հաստատեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ և զրուցեց Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ, փորձեցինք քաղաքագետից պարզել, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս առանձնազրույցից:

«Չեմ կարծում, որ ինչ-որ արմատական տեղաշարժ կլինի, կարծում եմ, որ հերթական արդեն ստանդարտ դարձած հայտարարությունները կհնչեն,այն է՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, կողմերը դրա շուրջ պետք է լուրջ ջանքեր գործադրեն, կվերահաստատեն մինչ այդ եղած հայտարարությունները՝ թե՛ իրենց կողմից արված, թե՛ համանախագահների, և այդքանով կավարտվի հանդիպումը:
Ես չեմ կարծում, որ այնպիսի լուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որ հետագայում կիրագործվի: Իսկ հիմնական պատճառը Ադրբեջանի քաղաքականությունն է, իր որդեգրած ուղին:

Հանդիպումից առաջ Ադրբեջանն ինչ-որ բաներ էր ուզում անցկացնել և կարծում եմ, որ ցավոք, հանդիպումից հետո էլ այդ վարքը կպահպանվի:
Քանի դեռ Արևմուտքն ու Ռուսաստանը Ադրբեջանի հետ փոխկախվածություն ունեն տարբեր հարցերում, Ադրբեջանը կշարունակի այսպես ապտակ հասցնել մեկ այս կողմին, մեկ այն կողմին»:

Քաղաքագետը հնարավոր համարեց առանձնազրույցից հետո մեկ կամ աառավելագույնը երկու շաբաթ շփման գոտում համեմատաբար խաղաղ դրությունպահպանումը, բայց որ ընդհանրապես վերանա, նման բան ակնկալելն անիմաստ է:

« Հիշենք, որ արդեն երեք տարի է, ինչ պարբերաբար, ալգորիթմով մեկ ուժգնանում է, մեկ թուլանում է. Ադրբեջանի ոչ կառուցողական գործողությունները, դիվերսիաները, ոչ միայն սահմանի ռազմական բախումները, այլև քաղաքացիական՝ մարդկանց գյուղերին վնաս տալը, ուղղակիորեն ինչ- որ իրադարձությունների հետ կապ չունի, ուղղակի այդ իրադարձությունների ժամանակ շատ ավելի ինտենսիվ են նրանք այդ գործողություններն իրականացնում, սա իրենց վարքն է, որն այս երեք տարիների ընթացքում որևէ էական փոփոխություն չի ապրել և չեմ կարծում, որ հերթական այս հանդիպումն ինչ-որ բան գլխիվայր կարող է շրջել»: