Բրիտանական թագաժառանգ Չարլզը Հայաստանում կլինի մայիսի 25-29-ին՝ 1-ին հանրապետության տոնի օրերին: Չնայած այցը մասնավոր է, բրիտանական թագի ամենաերկարամյա ժառանգորդը համարվող` մոտ 60 տարի, 350 կառույցների պատրոնաժ իրականացրած, անգլո-սաքսոնական ողջ աշխարհը «նայող» արքայազնի այցը դժվար է քաղաքական չդիտել: Հատկապես որ չի պահպանվում պարիտետը` Թուրքիա, Ադրբեջան այցեր չեն կատարվելու: Մինչդեռ ՄԲ-ն այս երկրներում հետաքրքրություններ ունի եւ համարվում է «կուրատոր»:
Հետաքրքիր է նաեւ, որ այցի լուրը հայկական կողմը հրապարակեց ապրիլի 24-ին: Արքայազնը ժամանում է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով՝ «Երեւան, իմ սեր» ծրագրի շրջանակներում: Արքայազնը հիմնադրամի համանախագահն է եւ տեւական ժամանակ է, ինչ ցանկանում էր լինել Հայաստանում: Այցը նախապատրաստող արքայական պալատի անվտանգության աշխատակիցները ճշտել են նրա երթուղին, եղել են Նորավանքում, Խոր Վիրապում, Գառնի-Գեղարդում, իսկ թե դրանցից որը կնախընտրվի, դեռ պարզ չէ: Աշխատակիցները «դիտել» են նաեւ Օպերայի դահլիճը, որտեղ անցկացվելու է հիմնական միջոցառումը: Արքայազնին կընդունի Սերժ Սարգսյանը, ով ժամանակին հյուրընկալվել է Բուքինգհեմյան պալատում, երբ տեղի էր ունենում «Երեւան, իմ սեր» հիմնադրամի պրեզենտացիան: Ապա արքայազնը կայցելի Տիգրան Սարգսյանին: Նկատենք, որ հիմնադրամն առայսօր գործունեություն չի ծավալել, հուսանք՝ արքայազնի այցից հետո վիճակը կփոխվի,-այս մասին գրում է hraparak.am-ը:


