Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում է հրաժարական տալ: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Ճիշտ է՝ կարելի է արձանագրել, որ ամիսներ առաջ ևս նման տեղեկություններ լրատվամիջոցները տարածել են, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք ապատեղեկատվություն են եղել:
Այս դեպքում, կարծես, իրավիճակն այլ է, թեև որևէ իրադարձություն կամ դեպք վերջին շրջանում չի գրանցվել, որից կարելի էր ենթադրել, որ վարչապետը կարող է հեռանալ պաշտոնից, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ լրատվամիջոցներն են վերոնշյալ լուրը տարածել, կարելի է գրեթե համոզված ասել, որ Ղարիբաշվիլին հրաժարական կներկայացնի:
Ինչ վերաբերում է նոր վարչապետի թեկնածությանը, ապա, անխոս, առաջին հավանական պաշտոնյան արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլին է, ով կարող է շարունակել պաշտոնավարել կառավարության ղեկավարի պաշտոնում: Ի դեպ, վերջինս ոչ պակաս համակրանք է վայելելու Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի կողմից: Էնպես որ, սպասենք նորությունների:
Իսկ եթե իրոք ստացվի այնպես, որ Ղարիբաշվիլին այլևս հեռանա պետական կառավարման ոլորտից, նա կարող է տեղափոխվել բիզնես կառավարման դաշտ, իսկ ավելի կոնկրետ՝ նրան կարող է վստահվել Իվանիշվիլիի ընկերությունների կառավարումը:
Ալիկ Երոյանց