Քաղաքական որևէ իրավիճի կամ խնդրի մասին խոսելիս հաճախ են հանդիպում «լոբբինգ» կամ «լոբբիստական խմբեր» արտահայտությունները, որոնք հասարակության համար իրազեկման և ավելի հասանելի դարձնելու կարիք ունեն:
«Լոբբիզմ» եզրը առաջացել է անգլերեն «lobby» բառից, որը նշանակում է «կուլուարներ»։ Մասնագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ այն առաջացել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ԱՄՆ-ի նախագահ Ուլլիս Գրանտի նախագահության ժամանակաշրջանում։
«Լոբբինգ» եզրը կրել է Վաշինգտոնի Willard կոչվող հյուրանոցի սպասասրահի անունը («կուլուարներ»), որտեղ նախագահը, նախարարներն ու սենատորները հանդիպում էին տարբեր մարդկանց հետ, լսում նրանց խնդրանքներն ու ցանկությունները՝ պետության քաղաքականության հարցերի հետ կապված։ Հավաքված մարդիկ փորձում էին համոզել նախագահին ընդունել կամ մերժել այս կամ այն որոշումը՝ դրանով իսկ որոշակիորեն ազդելով պետության ներքին կամ արտաքին քաղաքականության վրա։
Լոբբինգը հասարակության առանձին խմբերի կազմակերպման պրակտիկա է և հատուկ համակարգ։ Այն քաղաքական համակարգի յուրահատուկ ինստիտուտ է, որը մասնավոր ու հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, արհմիությունների կորպորացիաների ազդեցության մեխանիզմ է հանդիսանում տվյալ պետության կառավարության, խորհրդարանի կողմից որոշումների ընդունման գործընթացի վրա։
Սկզբնական շրջանում ԱՄՆ-ում իշխանության մարմինների հետ լոբբիստների փոխհարաբերությունները կրել են կոռումպացված բնույթ, իսկ լոբբիստի մասնագիտությունը երկար ժամանակ համարվում էր ոչ այնքան վայելուչ։ Միայն 19-րդ դարի վերջերին Նահանգներում սկսեց տարածվել ընտրողների ու իշխանության ներկայացուցիչների միջև անշահախնդիր միջնորդության ավանդույթը։
ԱՄՆ լոբբիստական գործունեությունը զարգացած սոցիալական, քաղաքական ինստիտուտ է, որն իր սուբյեկտների՝ ճնշման խմբերի ու շահերի խմբերի հետ միասին, կազմում է պետություն-լոբբիստական խումբ յուրահատուկ հարաբերությունները։ Լոբբիստներն այսպիսով տարբեր գործարքներում միջնորդի դեր են իրականացնում շահերի խմբերի ու քաղաքական գործիչների, իշխանության օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների միջև՝ դրանով իսկ զգալի ազդեցություն ունենալով երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։
Քաղաքական լոբբիստական խմբերը ֆինանսատնտեսական ու սոցիալական խմբերն են, որոնք ձգտում են հասնել տվյալ երկրի իշխանության գործադիր ու օրենսդիր մարմինների վրա անհրաժեշտ ազդեցության՝ քաղաքական պայքարում և նախընտրական արշավներում մասնակցություն ցուցաբերելու միջոցով։
Սոցիալական լոբբիստական խմբերի (օր.՝ արհմիություններ) ներուժն ուղղակի համաչափ է տվյալ ճյուղի տնտեսական նշանակությանը, որը նրանք ներկայացնում են։ Օրինակ՝ նավթային ոլորտում ներգրավված լոբբիստները, սոցիալական այլ ոլորտի ներկայացուցիչների համեմատությամբ (օր.՝ գիտություն, կրթություն), տիրապետում են իրենց շահերը լոբբինգավորելու անհամեմատ ավելի զգալի ռեսուրսների։ Սոցիալական լոբբիստական խմբերից են վետերանների, կանանց, երիտասարդական, բնապահպանական միություններն ու կազմակերպությունները։
Տնտեսական լոբբիստական կազմակերպություններ, որոնց համար պետական որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցության լծակներում տիրապետող են տնտեսական գործոնները։ Տնտեսական լոբբիստական խմբերն ունեն նաև սեփական ֆինանսաբանկային կառույցներ, ԶԼՄ, ներկայացուցիչներ իշխանական բարձրաստիճան շրջանակներում, քաղաքական կուսակցություններում։
Տարածաշրջանային լոբբիստական խմբեր, որոնք ձգտում են ստանալ որոշակի արտոնություններ և առավելություններ իրենց տարածքային շրջաններում կամ նահանգներում։
Օտարերկրյա լոբբիստական խմբեր (կամ ճնշման խմբեր), որոնք մասնագիտական գրականությունում ավելի շուտ հանդիպում են որպես էթնիկ խմբեր։
Հատուկ լոբբիստական խմբերը իրական լոբբիստները հաճախ գործում են ոչ ինքնակամ, այլ իրենց ներկայացուցիչների միջոցով։ Հատուկ լոբբիստական խմբերը գործի են դրվում այն ժամանակ, երբ տվյալ ընկերությունն օբյեկտիվ պատճառներով չի կարող արդյունավետ և ուղղակի դերակատարում ունենալ լոբբիստական գործընթացում, ուստի ֆինանսավորում է հատուկ լոբբիստական խմբերին
Երբ Հայոց ցեղասպանությունից տարիներ անց ՀՅԴ-ն ծավալեց Հայ դատի շարժումը, աշխարհի մի շարք երկրներում կազմավորվեցին նույնանուն կազմակերպություններ՝ հայ դատի հանձնախմբեր, հայ ազգային կոմիտեներ, գրասենյակներ, որոնց առաջին կառույցները, ըստ էության, այսօր գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների նախատիպերն են եղել: Հարկ է փաստել, որ նշյալ կառույցների ջանքերի շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, Եվրոպայի խորհրդարանն ու բազմաթիվ հեղինակավոր կառույցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել:
Արմեն Հովասափյան