«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի գործերը լավ չեն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երևանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար և 94 միլիոն 523 հազար դրամ: Ավելին՝ այս դատական վեճի շրջանակներում Մելիք Մանուկյանի գույքի վրա արդեն իսկ արգելանք է դրվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի շահերը ներկայացնող Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ հայցապահանջը անհիմն է, և իրենք դատարանում այդ հանգամանքն ապացուցել են:

«Պարզապես շանտաժ է: Արդեն դատարանում ապացուցվել է, որ դրանք կեղծիք են տարածել Մելիք Մանուկյանի մասին: Ես առաջիկա նիստում հակընդդեմ հայց եմ ներկայացնելու և երևի դիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն այդ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Գևորգյանը:

Սակայն հայցվորը պնդում է, որ իրեն գումար է պարտք Շշի Մելո անունով հայտնի գործարարը և պարտավոր է վճարել: Ինչպես երևում է՝ գործ ունենք պայմանավորվածությունը խախտելու ավանդական երևույթի հետ»: