«Բարև Երևան» խմբակցությունը 2015թ. ընթացքում ունեցել է խմբակցության 12 ընթացիկ և 1 արտահերթ նիստ, որոնց օրակարգում ներառվել են ավագանու մոտակա նիստերի օրակարգում ներառված հարցերի քննարկում և քվեարկությունների վերաբերյալ դիրքորոշում:
«Բարև Երևան» խմբակցության անդամները բազմաթիվ և բազմաբնույթ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, նրանցից ստացել են ավելի քան 60 նամակ: 2015թ. ընթացքում ոչ միայն քաղաքացիների բարձրացրած, այլև տարբեր հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ պետական մարմիններին հղել ենք ավելի քան 235 նամակ, տարածել ավելի քան 54 մամլո հաղորդագրություն: Երկկողմանի համագործակցության արդյունքում երևանցիների բարձրացրած բազմաթիվ խնդիրներից լուծվել են ավելի քան 30-ը:
Չլուծված են մնում բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես խմբակցությունը բազմիցս ահազանգել և լուսանկարել է քաղաքի տարբեր մասերում հողատերերի շինարարության նպատակով փորած ու աղբանոցի վերածված հսկայական փոսերի մասին, որոնք այդպես էլ չեն վերանում:
Խմբակցության ջանքերի շնորհիվ 2015թ. փետրվարից սկսվեցին առցանց հեռարձակվել Երևանի ավագանու նիստերը, վերջապես վերաբացվեց Երևանի թիվ 1 մանկապարտեզը, որտեղ սկսեց գործել 2 խումբ, որը չէր գործում շուրջ 5 տարի, Էրեբունու Ազատամարտիկների պուրակը վերադարձվեց համայնքի բնակիչներին, «Ծառատունկ Հայաստան» ծրագրի և քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացավ Մանկական երկաթուղու հարակից այգու մաքրման աշխատանքները, վերականգնվեց Նորագավիթ 6 փողոցի լուսավորությունը, վերացվեց Շիրակի 70,72,74 շենքերի, Էրեբունի 30 շենքի, Ֆրունզեի փողոցի 6/7 շենքի կոյուղագծերի խցանումը, ասֆալտապատվեցին Այգեստանի 3-րդ և 4-րդ ,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարիամ Աստվածածին ծննդատուն տանող, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակ մայրուղուց դեպի Սևակի 2-րդ շենք տանող փողոցները, բարեկարգվեց ու կանաչապատվեց Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքները և այլ լուծված խնդիրներ: Համառ հարցումների ու հրապարակային աշխատանքի շնորհիվ գտնվեց քաղաքացի Արփիկ Հարությունյանի առևանգված 9-ամյա դուստրը: Ասֆալտապատվել է Երևանի Մադոյան փողոցը, որտեղ գտնվում է «Արմեն Կարպետ» գորգագործական ընկերությունը, որն իր հարուստ հնամենի գորգերի ցուցահանդեսով դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր:
«Բարև Երևան» խմբակցությունը 2016թ. Երևանի բյուջեում ունեցել եմ 14, իսկ Երևանի զարգացման ծրագրում` 7 առաջարկություն:
2016թ. բյուջեի 14 առաջարկներից ընդունվել են 8-ը, իսկ 2016թ. Երևանի զարգացման ծրագրում արված 7 առաջարկություններից ընդունվել է 5-ը: Դրանցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երևանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, մասնավորապես Երևանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը:
Ինչպես նաև արդեն ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը, որը քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվում է ս.թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 2016-ից՝ խոստացել են հերթագրված երեխաների ցուցակները հրապարակել կայքում: Երևանի քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի և Հայաստանի մնացած համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ նման տեղեկատվություն չեն հրապարակում:
Չի լուծվում Աջափնյակի Նազարբեկյան 48 շենքի պատկանելիության հարցը: Ակնհայտ է, որ Աջափնյակի թաղապետարանի նախկին շատ պաշտոնյաներ լավ էլ առու ծախի առարկա են դարձրել այս կիսակառույցն ու նպաստել մարդկանց բնակությանը: Հիմա ասում եք դա պետական սեփականություն է, սակայն շենքն ամբողջությամբ չէ պետական սեփականություն, այլ այսօր արդեն ընդամենը 3 բնակարան; Ասում եք քաղաքի հաշվեկշռում չի ու ուզում եք փախնել խնդրի լուծումից: Լավ, ասենք այդպես է, բայց մարդիկ հիմա ապրում են, նրանք երևանցիներ են, ո՞ւմ դիմեն այդ մարդիկ, որ շենքի տանիքով ու կոյուղով զբաղվեն:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան: