«168 ժամ» թերթը գրում է. «2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Հայաստանում սկզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը՝ կառավարման համակարգի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխություններ է առաջացնելու հանրային-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բայց առաջին ու ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենալու քաղաքական համակարգում:

Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում էին, որ դա հանգեցնելու է մենիշխանության, այդուհանդերձ ակնհայտ է, որ, եթե անգամ ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում հաջողվի մեծամասնություն ստանալ, ապա առնվազն հաջորդ քաղաքական շրջափուլում դա խիստ կասկածելի է լինելու:

Ինչպես որ ակնհայտ է, որ անկախ խորհրդարանում ներկայացվածության չափից՝ կուսակցությունների դերն ավելանալու է, և կուսակցությունները բնականորեն ավելի քաղաքական են դառնալու: Այս և մի շարք փոփոխություններ, որոնք հետևելու են խորհրդարանական կառավարման կարգի ներդրմանը, համընկնելու են մեկ այլ բնական փոփոխության հետ. Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների իշխող մեծամասնությունը գրեթե կենսաթոշակային տարիքի գործիչներ են և, առավելագույնը մեկ գումարման խորհրդարանում ներկայացված լինելուց հետո, թոշակի են գնալու, բառի բուն իմաստով: Այսինքն՝ բնականորեն հասունանում է քաղաքական սերնդափոխության պահը, ինչի անհրաժեշտության մասին բոլորը խոսում են տարիներ շարունակ, սակայն նույն խոսողներն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար:

Բայց, կրկնում ենք, սերնդափոխության ժամանակը մոտենում է ոչ թե՝ ըստ դրա անհրաժեշտության գիտակցման, այլ՝ բնականորեն: Հետևաբար՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է մտածեն այդ մասին: Բնականաբար, այդ մասին մտածում է առաջին հերթին՝ իշխանությունը, որովհետև որևէ «փոփոխության» դեպքում կորցնելու շատ բան ունի: Եվ ուրեմն, իշխանությանն անհրաժեշտ է վստահելի սերնդափոխություն, անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը փոխանցի այնպիսի երիտասարդների, որոնց համար գործող իշխանությունները կլինեն «հեղինակություն», իսկ նրանց ունեցվածքը կլինի անձեռնմխելի:

Առաջին հայացքից՝ իշխանության սերնդափոխության առաջին թեկնածուները երիտհանրապետականներն են, սակայն, որքան շատ են նրանք կուրծք ծեծում իրենց այսօրվա «ավագներին» պաշտպանելու համար, այնքան շուտ կարող են ուրանալ նրանց: Դա երիտհանրապետականների տեսակն է, որը, ի դեպ, շատ չի տարբերվում ավագ հանրապետականներից:

Պայմանականորեն իշխանությանը հավակնող երիտասարդներին կարելի է բաժանել մի քանի խմբի: Առաջինը, ինչպես նշեցինք, երիտհանրապետականներն են՝ իրենց բոլոր արատներով ու թերություններով հանդերձ: Նրանք իսկական «կուսակցական նոմենկլատուրա» են և պատրաստ են ծառայել ցանկացած իշխանության: Երիտասարդների մյուս խումբն իրականում շատ ավելի մեծ ծառայություն է մատուցում իշխանություններին. Դա ընտրակեղծարարների, «թաղի տղերքի» խավն է, որն իրականում իշխանության հուսալի հենարանն է:

Բայց նրանց ևս իշխանությունը փոխանցել, գոնե տեխնիկապես, հնարավոր չէ. այս խավը լավագույն դեպքում կշարունակի ընտրություններ կեղծել «նոր իշխանության» համար: Եվ կա երիտասարդների միանգամայն այլ՝ ազատ մտածող, որոշակի արժեքների դավանող խավ, որը պայմանականորեն խտացվել էր անցած տարվա հունիսին՝ Բաղրամյան պողոտայի բողոքի ցույցերում: Այս երիտասարդների մի մասը ներգրավված է տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, ոմանք տարբեր կուսակցությունների անդամներ են, նրանց թվում կան անգամ ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք, սակայն, տարբերվում են «դասական երիտհանրապետականներից»:

Եվ կա այսօր էլ իշխանության մեջ գտնվող երիտասարդների կամ հարաբերականորեն երիտասարդների խավը, որոնք ձևով «ժամանակակից» են, ներկայանում են կիրթ ու քաղաքավարի, սակայն բովանդակությամբ քիչ են տարբերվում շմայսներից ու լիսկաներից: Այս՝ «օսլայված շմայսներն» իշխանության փոխանցման գործընթացում կարող են ունենալ ամենամեծ հավակնություններն ու հնարավորությունները:

Նրանք գործող իշխանության՝ ավագ ՀՀԿ-ականների համար, իհարկե, վտանգավոր են, բայց ավելի վստահելի են, քան ազատ մտածող, ոչ թե՝ ձևով, այլ՝ բովանդակությամբ կիրթ երիտասարդները: Հայաստանի հասարակության շահերից է բխում հենց այս վերջին, ազատամիտ երիտասարդների առաջմղումն ու ներգրավումն իշխանության մեջ: Բայց գոնե այսօր նրանց առջև դռները փակ են, քանի որ ոչ իշխանական կուսակցությունների մեծ մասը, որոնք տեսականորեն կարող էին հարթակ լինել ազատ մտածող երիտասարդների համար, թաթախված են նույն արատների, նույն «նոմենկլատուրային» նորմերի մեջ, ինչ իշխանությունները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: