Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) դիտորդը Ավանի 1/8 ընտրատեղամասում տեսաձայնագրել է հանձնաժողովի նախագահի կողմից «Ասպարեզի» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստը: Տեսանյութը հրապարակվել է ՔՀԻ-ի Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում, որի վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել: Քննիչ Ս.Թասալյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ հիմնավորելով, որ հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի արարքում հանցակազմ չկա, նրա գործողությունները եղել են իրավաչափ, և որ «լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել և լրագրողի մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել»:
Հետաքրքիր է, որ քննիչն անվերապահորեն հավատացել է գործի ելքով շահագրգռված հանձնաժողովի անդամների մերկապարանոց հայտարարություններին առ այն, որ լրագրողը անօրինական գործողություններ է արել և փորձել է նկարահանել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, սակայն չի հավատացել կամ անտեսել է ՔՀԻ դիտորդի կողմից տրված բացատրությունը և տեսանյութում ակնհայտ ու հստակ երևացող իրադարձությունները:
ՔՀԻ-ն բողոքարկել է քննիչի որոշումը՝ մատնանշելով նյութերով գործ հարուցելու համար առկա բավարար փաստեր:
Միջադեպի նկարագրությունն՝ ըստ ՔՀԻ դիտորդի և առկա տեսանյութերի
Հանրաքվեի օրը, ժամը 11:58-ին www.hra.am կայքում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ նյութ՝ կից տեսանյութով. «1/08, Ավան - Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ունի ագրեսիվ վարքագիծ, կոպիտ է վարվում թե՛ ընտրողների, թե՛ դիտորդների հետ. բղավում է նրանց վրա: ՔՀԻ դիտորդի նկարած տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս հարձակվում «Ասպարեզ» օրաթերթի լրագրողի վրա»:
ՔՀԻ դիտորդ Արմենուհի Արաբյանի նկարած տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահն արագ և ագրեսիվորեն մոտենում է «Ասպարեզի» լրագրողին (ով այդ պահին կանգնած է ընտրողների ստորագրված ցուցակներից բավական մեծ հեռավորության վրա), քաշքշում և հրում դեպի պատը՝ գոռալով և սպառնալով:
Նույն դրվագը նկարահանել է նաև «Ասպարեզի» լրագրողը, որտեղ արդեն հստակ լսվում են հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի սպառնալիքները. «Կտամ գլուխդ կցրեմ, համբալ», «ոտերդ կջարդեմ»: Տեսանյութում երևում է, որ եթե հանձնաժողովի նախագահին իր գործընկերներից մեկը չզսպեր և հետ չպահեր, ապա մեծ հավանականությամբ նա լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կգործադրեր:
Մանուչարյանի կողմից դրսևորած ագրեսիվ վարքի համատեքստում, ՔՀԻ դիտորդի գնահատմամբ, սպառնալիքները լիովին իրական են հնչել, և այդ դրվագից հետո իրենք չափից դուրս կաշկանդված են եղել: Դա է ապացուցում նաև այն, որ միջադեպից հետո լրագրողը չի մոտեցել ընտրողների ցուցակով սեղանին՝ վախենալով, որ հանձնաժողովի նախագահն իսկապես բռնություն կգործադրի կամ ավելի կլարի իրավիճակը:
Հանձնաժողովի նախագահն ակնհայտորեն խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքը՝ պարտադրելով հեռանալ ընտրացուցակների մոտից և չնկարահանել: Նա հայտարարում է, որ ինքը իրավունք ունի թույլ չտալ նկարահանում իրականացնել: Լրագրողը պնդում է, որ ստորագրված ընտրացուցակները չի նկարում, միայն ցանկանում է նայել ու տեսնել՝ ճի՞շտ են ստորագրում ընտրողները, ինչին ի պատասխան Մանուչարյանը հայտարարում է՝ «ոչ մի բան թույլ չեմ տալիս»:
Նույն տեսանյութում հանձնաժողովի անդամներից մեկը դիտորդին ու լրագրողին մատնացույց է անում սեղաններից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող աթոռները և ասում, որ նրանց համար հատուկ տեղ են հատկացրել՝ «հատուկ էս հեռավորության վրա»: Պարզ երևում է, որ «հատկացված տեղից» հնարավոր չէ պատշաճ վերահսկել քվեարկության ողջ ընթացքը, և, որ ավելի կարևոր է, ընտրողների ցուցակների հետ կատարվող գործողությունները: Ընտրացուցակների սեղանին մոտ գտնվելը անչափ կարևոր էր և՛ դիտորդի, և՛ ԶԼՄ ներկայացուցչի համար՝ հաշվի առնելով ընտրողների գրանցման սխալների և այլոց փոխարեն ստորագրելու դեպքերի վերաբերյալ այդ օրը հնչեցվող բազմաթիվ հաղորդումները: Այդ հանգամանքն ընդգծում է Ասպարեզի ներկայացուցիչը իր կողմից նկարված տեսանյութում:
Միջադեպի նկարագրությունն՝ ըստ քննիչի որոշման, և քրեական գործ հարուցելը մերժելու հիմնավորումները
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ բուն միջադեպը նկարագրված է հետևյալ կերպ: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Առնակ Մանուչարյանը և հանձնաժողովի մյուս անդամները նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ «Ասպարեզի» լրագրողը օրենքով արգելված գործողություն է կատարել, «փորձել է գաղտնի նկարահանել ընտրողների ստորագրված ցուցակները, որի համար բազմաթիվ դիտողություններ է ստացել ինչպես նախագահի, այնպես էլ թիվ 1/08 ընտրատեղամասի հանձնաժողովի մյուս անդամների կողմից, բայց վերջինս շարունակել է իր անօրինական գործողությունները, ինչով լարված իրավիճակ է ստեղծել ընտրատեղամասում: Ա.Մանուչարյանը հանձնաժողովի մյուս անդամների խնդրանքով մոտեցել է լրագրողին, ձեռքով փակել բջջային հեռախոսի տեսախցիկը և նրան մի կողմ տարել ստորագրված ցուցակներից, սակայն լրագրողին չի հարվածել և չի խոչընդոտել նրա մասնագիտական գործողությունները կատարելուն, նրան ընտրատեղամասից դուրս չի հանել...»:
Քննիչը եզրակացրել է. «Սույն նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Է.Ավետիսյանի նկատմամբ քվեարկողների ստորագրված ցուցակների ապօրինի նկարահանման կապակցությամբ Ա.Մանուչարյանի կողմից նրա նկատմամբ բռնություն չի գործադրվել, վերջինիս հետագա նկարահանումների գործընթացը չի խոչընդոտվել կամ կասեցվել, լրագրողը մնալով ընտրատեղամասում, շարունակել է իր մասնագիտական գործունեությունը:
Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ թիվ 1/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի գործողությունները կրել են իրավաչափ բնույթ, նպատակ են հետապնդել ապահովելու հանձնաժողովի պատշաճ գործունեությունը և արգելելու համապատասխան ցուցակների նկարահանումները, որպիսին կատարել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրողը, ում նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել և լրագրողի մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել, դեռ ավելին՝ լրագրողի կողմից տեսանկարահանումը շարունակելը նման պարագայում եղել է ոչ համաչափ, ուստի Առնակ Մանուչարյանի արարքում բացակայում է ՀՀ քր. Օր.-ի 164-րդ և 149-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմը»:
ՔՀԻ բողոքը. Քրեական գործ հարուցելու համար առկա են բավարար փաստեր
Վերը նկարագրված երկու տեսանյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա են հանձնաժողովի նախագահի կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բավարար փաստեր: Հանձնաժողովի նախագահը սպառնացել է լրագրողին և հրահանգել հեռու կանգնել ցուցակներից, ինչի պատճառով և՛ ՔՀԻ դիտորդը, և՛ «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը զրկվել են իրենց մասնագիտական պարտականությունները լիարժեք և ազատ կատարելու հնարավորությունից: Տեսանյութերում ակնհայտ երևում է լրագրողի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու փաստը և ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքը, ուստի հիմնավորված չէ քննիչի այն եզրակացությունը, որ «հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի գործողությունները կրել են իրավաչափ բնույթ»:
ՔՀԻ բողոքում բերված են հետևյալ հիմնավորումները.
«Տվյալ դեպքում, մեր գնահատմամբ, հանձնաժողովի նախագահի գործողությունները հանդիսացել են ոչ համաչափ և իրավաչափ, կոպտորեն ոտնահարել են լրագրողի իրավունքները և պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հանցակազմ, այն է` խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը ընտրական գործընթացի ժամանակ: ՔՀԻ դիտորդների գնահատմամբ՝ հանձնաժողովի նախագահն այնպիսի միջավայր էր ստեղծել իր կողմից հնչեցվող սպառնալիքների և ագրեսիվ վարքի միջոցով, որ և՛ դիտորդները, և՛ ԶԼՄ-ի ներկայացուցիչը կաշկանդված էին իրենց գործողությունների մեջ քվեարկության ողջ օրվա ընթացքում: Նրանք վախենում էին մոտենալ և դիմել հանձնաժողովին՝ բացահայտված խախտումների գրանցման համար:
Թեև հանձնաժողովի նախագահը ԶԼՄ-ի ներկայացուցչին և ՔՀԻ դիտորդին չի հեռացրել քվեարկության սենյակից, սակայն իր կողմից դրսևորած վարքագծի և ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև իրենց ցանկությամբ քվեարկության սենյակում տեղաշարժվելն արգելելու միջոցով խոչընդոտել է վերջիններիս աշխատանքին, պարբերաբար մեկուսացրել է հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց:
Քննիչն իր որոշման մեջ խնդրո առարկա միջադեպը վերլուծում է ՀՀ քրեական օրենսգրքի (ՔՕ) 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տեսանկյունից, զարմանալիորեն միանգամից հանգում է այն եզրակացության, որ հանձնաժողովի նախագահի գործողություններում բացակայում է ոչ միայն ՀՀ ՔՕ 164-րդ, այլ նաև 149-րդ հոդվածով նախատեսված արարքը, թեև ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերի առկայության մասին որևէ վերլուծություն չի կատարում: Ավելին, քննիչը զարմանալիորեն միանշանակ որակում է, որ «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի կողմից կատարվել են անօրինական գործողություններ՝ հիմնվելով գործի ելքով շահագրգռված հանձնաժողովի անդամների մերկապարանոց հայտարարությունների վրա առ այն, որ լրագրողը փորձել է նկարահանել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Ավելին, քննիչը նշում է, որ հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի գործողություներում ոչ միայն բացակայում է ՀՀ ՔՕ 164-րդ և 149-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմն, այլ նաև վերջինիս գործողությունները որակում է որպես իրավաչափ և լրագրողի մասնագիտական գործողությունների խոչընդոտմանը չուղղված՝ ակնհայտորեն անտեսելով տեսանյութում հստակ երևացող իրադարձությունները և ՔՀԻ դիտորդի կողմից տրված բացատրությունը:
Ընդգծենք, որ հանրաքվեի ընթացքում իրականացված մշտադիտարկման արդյունքում ՔՀԻ-ն արձանագրել է, որ հանձնաժողովի անդամների կողմից չափից շատ և անտեղի կերպով շահարկվել է ստորագրված ցուցակների նկարահանման արգելքը, դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղվել են ակնարկներ, որ հանձնաժողովը միշտ էլ կարող է նրանց մեղադրել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների նկարահանման մեջ, ինչի համար կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Հանրաքվեի հանձնաժողովների կողմից նմանատիպ սպառնալիքները և նման վարքագիծը ՔՀԻ կողմից գնահատվում է որպես դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշում՝ ուղղված վերջիններիս մասնագիտական աշխատանքների խոչընդոտմանը»:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը համարում է, որ քննիչի կողմից ստացված տեղեկություններին և ապացույցներին ճիշտ և օբյեկտիվ գնահատական չի տրվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՔՀԻ-ն պահանջում է վերացնել քննիչ Ս. Թասալյանի կողմից կայացված որոշումը, և վերը շարադրված դեպքով քրեական գործ հարուցել: