Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ գործով մեղադրող Ա. Աբրահամյանը հրաժարվել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից` միջնորդելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Նկարագրելով դեպքը` մեղադրող դատախազը նշել է, որ ՀՀ Ազգային Ժողովի` 2012թ. մայիսի 06-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ա.Վեզիրյանը հետեւել է քարոզարշավի ժամանակ նախընտրական բուկլետների եւ թռուցիկների տարածման գործընթացին: 2012թ. ապրիլի 30-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ՀԱԿ դաշինքի կամավոր աջակից Դավիթ Գասպարյանը Երևան քաղաքի Սեդրակ Սարգսյան փողոցում թռուցիկներ է տարածել` տների բաց դռներից ներս գցելով, մի մասը` քաղաքացիներին հանձնելով:
Հասնելով Ս.Սարգսյան փողոցի 126/1 տանը, որի դուռը եղել է բաց, ֆայլում դրված բուկլետներ եւ թռուցիկներ է գցել ներս, ինչից վախեցել է նշված տան բնակչուհի Լենա Բադալյանը եւ ձայն տվել այդ պահին տանը շինարարական վերանորոգում կատարող իր հարեւան Տ.Մանուկյանին, ով դուրս գալով, նկատել է, որ Դ.Գասպարյանը հեռանում է փողոցից: Ձայն է տվել նրան, դիտողություն արել` բնակարանում իրեր գցելու համար, որին միջամտել է Ա.Վեզիրյանը: Երկուսի միջեւ ծագած վեճի ընթացքում Տ.Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Ա.Վեզիրյանի դեմքին եւ ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով վերջինիս պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, իսկ Ա.Վեզիրյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Տ.Մանուկյանին եւ ձախ ճակատային շրջանի քերծվածքների արյունազեղման ձեւով վերջինիս պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:
Կատարված արարքների համար Տ.Մանուկյանին եւ Ա.Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 01.11.2012թ. Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ նախադեպային որոշմամբ արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ` կապված ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեաիրավական որակման հետ, որոնք էական նշանակություն ունեն` սույն գործով ամբաստանյալների կողմից կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն` ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմակի (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը եւ այլ բռնի գործողությունները իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան:
Սույն գործով վկաներ Դավիթ Գասպարյանի, Սեդա Մանուկյանի, ինչպես նաեւ ամբաստանյալների ցուցմունքների ընդհանրական վերլուծությամբ հիմնավորվեց, որ Արման Վեզիրյանի եւ Տիգրան Մանուկյանի միջեւ ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Աբրահամյանը միջնորդել է Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տ. Մանուկյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք` 30 000 ՀՀ դրամի չափով: